«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանին ձերբակալել են ԱՄԷ-ում
Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանները ձերբակալել են ռուսաստանցի կինոռեժիսոր, «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանին՝ Աբու-Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի տարածքում անօդաչու սարքով տեսանկարահանման համար: Այս մասին գրում է Կոմերսանտը:
Նրան ձերբակալել են 2017 թվականի մայիսի վերջին, երբ Մանուկյանը եղբոր հետ ժամանել է ԱՄԷ, որպեսզի նկարահանի ծանոթների հարսանեկան արարողությունը: Ծովափին նկարահանումներից հետո նրանք մեկնել են Աբու-Դաբի, որտեղ որոշել են անօդաչու թռչող սարքից նկարահանեն, թե ինչպես են նորապսակները կաբրիոլետում սլանում շեյխ Զայդայի մզկիթի ֆոնին:
Սակայն տեսանկարահանման գործընթացի մեկնարկից մի քանի րոպե անց մզկիթի անվտանգության աշխատակիցները պահանջել են դադարեցնել նկարահանումները, այնուհետ առգրավել են սարքն ու տարել այն մզկիթ: Դրանից հետո նկարահանման մասնակիցներին մոտեցել են ոստիկանները, որոնք ձերբակալել են Արիկ Մանուկյանին, նրա եղբորն ու փեսացուի ազգականին:
Նրանց մոտից վերցրել են անձնագրերն ու հեռախոսները, ինչից հետո վեց օր պահել են բանտախցում: Այդ ընթացքում ռեժիսորն ու իր երկու ուղեկիցները չեն կարողացել կապ հաստատել հարազատների և ռուս դիվանագետների հետ: Այնուհետ նրանց տեղափոխել են դատական բանտ, տեղավորել երեք տեղանոց խցում, որտեղ այդ պահին արդեն տաս մարդ էր նստած: Միայն այն բանից հետո, երբ գործին միջամտել է ՌԴ դեսպանատունը, ձերբակալվածներին բաց են թողել տնային կալանքի տակ. հիմա նրանք գտնվում են Դուբայում, սեփական միջոցներից վճարելով կեցության համար:
«Այս ողջ ընթացքում ինձ երկու անգամ հարցաքննել են: Ինչպես ես հասկացա, մեզ մեղադրում են, թե մենք ոչ միայն առանց թույլտվության նկարահանում էինք մզկիթը, այլև հարևանությամբ տեղակայված օդանավակայանը: Բայց նման բան չի եղել»,- պատմել է լրագրողներին Մանուկյանը:
Ձերբակալվածներին սպառնում է տուգանք կամ ազատազրկում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄԷ-ում արգելված է անօդաչու սարքերով նկարահանումն առանց թույլտվության: