CNN-ը հայտնել է Ռեքս Թիլերսոնի հնարավոր հրաժարականի մասին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է լքել պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնությունների պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելովամերիկյան դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Թիլերսոնի ու Սպիտակ տան անհամաձայնությունների հիմքում Իրանի հետ բանակցությունների և պետքարտուղարության ներսում քաղաքական կուրսի հարցերն են: Բացի այդ, իբրև թե Թիլերսոնը ոչ պրոֆեսիոնալ է որակել Թրամփի հայտարարությունները գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին:
Աղբյուրները նշել են, թե պետքարտուղարը մտերիմների շրջապատում հայտարարել է, որ կարող է պաշտոնը լքել մինչև տարեվերջ, քանի որ հիասթափված է արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում առկա գործունեությամբ: Եվ, գրում է CNN-ը, այդ հիասթափությունը դժվար թե գաղտնիք է, քանի որ այն նաև հրապարակավ է դրսևորվել:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Թիլերսոնը Սպիտակ տանը սկանդալ է սարքել այն պատճառով, որ կադրային ղեկավարությունը չէր համաձայնում պետքարտուղարության բարձր պաշտոններում իր ներկայացրած թեկնածուների հետ:
Հիշեցնենք, Ռեքս Թիլերսոնը պաշտոնը զբաղեցրել է փետրվարին՝ փոխարինելով դեմոկրատ Ջոն Քերրիին: