Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հարցազարույց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց չեզոքացմանն ուղղված կառավարության ծրագրային քայլերը» թեմայով հարցազրույց-ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը, պատասխանելով միջոցառման վարողի ու լրագրողների հարցերին, բացի ՀՀ-ՌԴ հարաբերություններից, անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
Ամենաբարդ հարցը
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումներն Արմեն Աշոտյանը որակեց հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ամենաբարդ և կնճռոտ հարցը:
«Կարող եմ ասել, որ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի (ԱԺ պատվիրակության այցը ՌԴ, որի կազմում էր նաև Արմեն Աշոտյանը – խմբ.) ընթացքում և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները», - ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի ներկայացրած հիմնավորումները քննադատության չեն դիմանում:
Դիտարկմանը, թե փաստորեն զենքի մատակարարումն Ադրբեջանին վնասում է Հայաստանին, թեպետ ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պնդում է հակառակը, Արմեն Աշոտյանը պատասխանեց ոչ ուղիղ՝ ասելով, որ դա այն հարցերից մեկն է, որը լուծման կարիք ունի:
Այնուհետև նա անդրադարձավ հենց Շարմազանովի հայտարարությանը, համաձայն որի հայկական կողմը կարող է մեղադրել Ռուսաստանին, եթե Ադրբեջանին մատակարարած զենքը «ուղղակի վնասի մեզ»: «Շարմազանովը նկատի է ունեցել, որ այս պահի դրությամբ կայունության որոշակի միտում կա: Նկատի ունենանք, որ զենքն ունի այնպիսի հատկություն, որ եթե հայտնվում է ոչ հավասարակշիռ քաղաքական գործիչների ձեռքում, ինչպիսին է Իլհամ Ալիևը, այն կարող է անընդհատ կրակել»,- փորձեց պարզաբանել նա:
Բանախոսը վստահ է, որ զենքի մատակարարման խնդիրը պետք է պահել օրակարգում, սակայն խնդրի կարգավորումը հանրային քննարկումների դաշտում չէ, քաղաքական հետևողական հիմնավորումների մեջ է։ «Իհարկե, հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն ակնկալել, որ այնտեղ լուծում կգտնվի, կամ նման խնդիրների քննարկումը վերածել ռեալիթի շոուի, ապա ես այդ տեսակետին չեմ», – ասաց նա:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական գործիչները ոչ թե ՌԴ-ի կամ ՀՀ-ի շահերի, այլ հայ-ռուսական հարաբերությունների պաշտպաններ են: «Այդ հարաբերությունները շատ կարևոր են և դրանք պետք է պաշտպանել ու զարգացնել», - ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ չի նշանակում շահերի 100 տոկոսանոց համընկում:
«Երկիր, ում հետ Հայաստանի քաղաքական օրակարգը բացարձակ նույն համընկնումն ունի, գոյություն չունի, բացառությամբ Արցախի Հանրապետության», - ասաց նա:
Ալիև-Պուտին հանդիպում
Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Սոչիում հուլիսի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ նշելով որ զարմացած չէ այդ փաստից: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան և հանդիպման փաստը դեռ չի նշանակում, որ դրանք լուծվել են:
«Պուտինը Թրամփի հետ էլ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ջերմ են: Հանդիպման փաստը դիվանագիտության գործիք է, ոչ թե արդյունք: Ես զարմացած չեմ, որ Ռուսաստանի նախագահն հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Կանխատեսելի է կոնսուլտացիաների նաև այլ ռաունդ», - հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-Արցախի նախագահների հանդիպումը կարող է նախապատրաստական աշխատանք լինել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ, որը կարող է տեղի ունենալ այս տարի աշնանը:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիումը: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված լուրերի, բանակցությունների սպասվող ռաունդի հիմնական կազմակերպիչը Ռուսաստանն է:
Այս համատքստում Աշոտյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հարցը, թե հնարավոր է մինչև Սարգսյան-Ալիև հանդիպմունը տեղի ունենան Սարգսյան-Պուտին բանակցություններ:
ԵԱՏՄ-ից դուս գալու նախադրյալներ չկան
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան, հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» ընդդիմադիր դաշինքից ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ԵԱՏՄ-ից կազմից Հայաստանի դուրս գալու անհաժեշտության մասին:
Նման հայտարարությամբ Մարուքյանը հանդես եկավ ի պատասխան ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչելավ Վոլոդինի հայտարարությանն առ այն, որ հայկական վարորդական իրավունքները կարող են ճանաչվել ՌԴ-ում տաքսի կամ երթուղային տրանսպորտ վարելիս, եթե ՀՀ-ում պետական կարգավիճակ ստանա ռուսերենը: Հայտարարությունը կատարվել էր Մոսկվայում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, երբ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը բարձրաձայնել էր, որ ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը:
Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, նկատեց, որ դա «Ելք» դաշինքի պաշտոնական դիրքորոշումը չէ։ «Առանձին պատգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»,- նկատել է Արմեն Աշոտյանը։
Նա վստահ է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որն իհարկե ունի աշխարհքաղաքական բնույթ։ «Փոքր երկրները մրցունակ չեն աշխարհում, եթե չեն կարող ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի լայն ձեւաչափերով»,- ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ ԵՄ-ում չեն սպասում ոչ միայն Հայաստանին, այլեւ այն երկրներին, որոնք ասոցացման մասին համաձայնագրեր են ստորագրել, օրինակ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային։
Հայաստան-ԵՄ հարաբերություններ
Հայաստանը և Եվրամիությունը համաձայեցրել ու նախաստորագրել են «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը նախատեսում է կնքել այս տարվա նոյեմբերին՝ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Հայաստանի որոշակի փորձագիտական ու քաղաքական շրջանակներ մտահոգություններ են հնչեցնում, որ վերջին պահին Հայաստանը արտաքին իմպուլսների ազդեցության տակ կարող է հրաժարվեյ այդ փաստաթղթից: Այնպես, ինչպես տեղի ունեցավ 2013 թ-ի սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում փաստացի հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է ԵՄ-ի հետ երեք ու կես տարի բանակցված ու համաձայնեցրած Ասոցիացայի համաձայնագրից և Մաքսային միությանն անդամակցելու գործընթաց սկսում:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի չստորագրելու վերաբերյալ մտահոգություններն արհեստական են», - հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Այդ հարցադրումը Աշոտյանը արհեստական և մանիպուլյացիոն որակեց, որն ըստ նրա, գոյություն չունի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: «Մնացած ամեն ինչը միտումնավոր կամ միամիտ շահարկումներ են», - հավելեց նա: Արմեն Աշոտյանը նշեց, որ ինչպես հայ-ռուսական, այնպես էլ այլ գործընկեր երկրների հարաբերություններում կնճռոտ հարցեր կան, սակայն ԵՄ համաձայնագրի շուրջ լոբբիստական գործունեությունը ծավալում է ադրբեջանական կողմը:
«Տեսեք, նույն ադրբեջանական մամուլը, զարմանալիորեն չի տարբերվում մեր վերլուծականներից: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում կնճռոտ հարցեր կան, ինչպես նաև մյուս բոլոր գործընկեր երկրների հարաբերություններում: Օրինակ՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն ավելի կնճռոտ են, քան հայ-ռուսական հարաբերությունները: Ադրբեջանական լոբբիստական գործունեությունն այսօր ուղղված է նրան, որ մաքսիմալ կռվեցնի Հայաստանին Ռուսաստանի հետ»,-ասաց Աշոտյանը, նկատելով, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵՄ-ի հետ: