24.11.2024
Սևանի մակարդակը մեկ ամսում իջել է 7 սմ-ով․ «Էկոլուր»
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՊԵԿ-ը քանդում է «Կարգոների» համակարգը և նոր կազմակերպություն ստեղծում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։ Մոտ մեկ ամիս նախապատրաստվող գործընթացի ընթացքում ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ։ Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց եւ հրապարակվեց։ «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապահի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում: Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական: Նույն աղբյուրները նաև փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում: Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել և դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե… հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը: Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատված բուժաշխատողների փոխարեն Գագիկ Միրիջանյանը մտադիր է նոր կադրեր ընդունել»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը:


«Այսօր աղոթում էի,որ տխուր լուր չլսենք, բայց մենք կրկին արտասվում ենք, մեզանից անժամանակ հեռացավ նահատակ հերոս Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը: Սիրելի Կարեն, քո զոհվելու տարին դեռ չի լրացել, մայրդ ինչպես ամեն օր՝ քո գերեզման է այցի եկել, այսօր եւս եկավ, բայց այս անգամ նա ցանկացավ միանալ իր որդուն, վերադարձել է տուն, տանը մահացել: Շատ-շատ եմ ցավում: Խոսքեր չկան սփոփանքի Կարենի եղբորն ու քրոջը ՝ Տիգրանին ու Մադլենային ասելու: Կարենի հայրն Արցախյան պատերազմի ժամանակ գլխից վիրավորում էր ստացել, որի հետեւանքով մի քանի տարի հետո մահացել էր, հորեղբայրն Արցախյան պատերազմի նահատակ է,Կարենն էլ զոհվել է սույն թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում»,- գրել է լրագրողը:


Նարի Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարենի մայրը 49 տարեկան էր, ուներ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վիրահատվել: «Կարենի մայրն առողջական խնդիրներ ուներ, դրա համար Կարենը պարտադիր ծառայությունն ավարտելուց մեկ ու կես ամիս հետո պայմանագրային զինծառայող դարձավ, որպեսզի կարողանա մոր ապաքինման հարցերը լուծի: Սրտի հետ կապված խնդիրներ ուներ, պետք է վիրահատվեր, բայց գումար չունեին: Շատ վատ էին ապրում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նարի Հայրապետյանը:


Նարի Հայրապետյանի տեղեկություններով` Կարեն Ուլուբաբյանի մորը` տիկին Կարինեին պետք է գումար հատկացվեր, որպեսզի նա վիրահատվեր: Սակայն Կարինե Ուլուբաբյանին «1000 դրամների հիմնադրամ»-ի ցուցակներում բավականին ուշ են ընդգրկել: Ընտանիքն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ: «Նրան ընդգրկել էին 1000 դրամների ցուցակ, որպեսզի վիրահատության գումար տային: Նրա հերթը օգոստոսին էր հասնելու, բայց ուշ եղավ, չհասցրեց»,- ասաց լրագրողը: Կարենի եղբայրը` Տիգրանը, այժմ ծառայում է Մարտունու այն զորամասում, որտեղ ծառայել է Կարենը: Վերջինիս քույրը այս տարի է ավարտել դպրոցը:


Նարի Հայրապետյանի խոսքով` Կարենն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ եւ 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ եւ 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաեւ ապրիլյան պատերազմին:


Նշենք, որ ԱՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն` հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Կարենը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պարտավորեցնող պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարագրել: Խոսքը գնում է «INFINITI G 35» մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում: Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ: Իսկ ո՞վ է վարչապետի նոր ու երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013 թ., իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրենը: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրենի պաշտոնը»: