24.11.2024
Ականի պայթյունի հետևանքով Արարատում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Սևանի մակարդակը մեկ ամսում իջել է 7 սմ-ով․ «Էկոլուր»

Սեւանից կատարված ջրառի հետեւանքով լճի մակարդակը մոտ մեկ ամսում (հունիսի 20-ից հուլիսի 17-ը ընկած ժամանակահատվածում) իջել է 7 սանտիմետրով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար՝ բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ ընդգծելով, որ պատճառը ջրառի «մեծ չափերն են»:


Սեւանից ջուր բաց թողնելու տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Սակայն կառավարության առաջարկով խորհրդարանն այս ամսվա սկզբին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելով՝ թույլատրեց լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, այս տարվա ջրառի ընդհանուր ծավալը հասցնելով 270 մլն խորանարդ մետրի:


Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ՝ որպեսզի իրացնեն այդչափ մեծ ծավալի ջուրը, թույլատրված ջրառն այժմ մեծ տեմպերով է իրականացվում, ինչի հետեւանով «արդեն ունենք Սեւանի մակարդակի՝ 7 սանտիմետրով իջեցում»։ Բնապահպանը չի բացառել, որ սահմանված չափով ջրառի իրականացման հետեւանքով ջրի մակարդակն ավելի կիջնի:


«Էկոլուր» կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարի Սեւանա լճի մակարդակի ամենաբարձր նիշը կազմել է 1900 մ 91 սմ, ջրառի արդյունքում հուլիսի 17-ի դրությամբ այն նվազել է 1900 մ 84 սմ-ի: Արդյո՞ք սա վտանգավոր ցուցանիշ է, «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ Սեւանի հարցերով հանձնաժողովի անդամ, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Բարդուղ Գաբրիելյանն ասաել է՝ կարեւոր է, որ Սեւանի ջրի մակարդակի հետ կապված դրական հաշվեկշիռ ունենանք տարեվերջին:


«Այլապես մենք կկանգնենք փաստի առաջ՝ կունենանք ջրի վատացում, ինչը հետագայում կարող է նույնիսկ բերել ճահճացման: Ինչ վերաբերում է այդ 7 սանտիմետրին, հիմա թեժ ժամանակ է, հիմնական ջրառը, փաստորեն, հիմա է կատարվում, ուղղակի պետք է հետեւել, որ իրենք չգերազանցեն պլանավորվածը, որ դա չբերի բացասական բալանսի»,- ասել է Բարդուղ Գաբրիելյանը:


Հիշեցնենք՝ կառավարությունը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ խոստացել էր, որ լրացուցիչ ջրառի պատճառով չի խախտվի Սեւանա լճի ջրի մակարդակի՝ օրենքով սահմանված դրական հաշվեկշիռը: Թեեւ լրացուցիչ 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կարող է իջնել մինչեւ 8 սմ-ով, բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ կառավարության, կպահպանվի ջրի մակարդակի՝ շուրջ 10 սմ-ով բարձր անհրաժեշտ բարձր նիշը:


Բնապահպանները կասկածի տակ են դնում կառավարության հավաստիացումները, թե 270 միլիոն խմ ջրառի պարագայում կարող է ապահովվել ջրի մակարդակի դրական հաշվեկշիռ, հիշեցնելով՝ նախորդ երկու դեպքերում՝ 2012 եւ 2014 թվականներին կատարված հավելյալ ջրառի հետեւանքով ջրի մակարդակի բացասական նիշեր են արձանագրվել: