Հորգադայում հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիները բուժվում են Կահիրեում. ԱԳՆ
Եգիպտոսի ծովափնյա Հուրգադայի լողափում հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի երկու քաղաքացիները դեռեւս շարունակում են գտնվել Կահիրեի հիվանդանոցում և բուժման կուրս անցնել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 14-ին անհայտ մարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով սպանվել են 2 կին, իսկ 5-ը վիրավորվել են:
ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, վկայակոչելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության տվյալները, «Twitter»-ի իր էջում գրել է, որ վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելին՝ հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
«Դեսպանատունը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն»,-հայտնում են ԱԳՆ-ից:
Նախապես նշվում էր, որ սպանվել էին ուկրաինացի 2 կին զբոսաշրջիկ, սակայն Ուկրաինայի դեսպանը չի հաստատել տեղեկությունները։ Ըստ ռուսական լրատվամիջոցի աղբյուրների, «Zahabia» հյուրանոցում սպանվել են Գերմանիայի 2 քաղաքացիներ։ Դրանից հետո հանցագործը մտել է «El Palacio» հյուրանոց և դանակով վիրավորել է 1 ռուս աղջկա։ Նա ողջ է, բայց առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նա նաև վիրավորել է Հայաստանի 2 քաղաքացիների և Չեխիայի 1 քաղաքացու: