25.11.2024
Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման կոնկրետ ժամկետը վերջնականապես ճշտված չէ. ԱՆ
prev Նախորդ նորություն

Սարգսյանը դրական տեղաշարժ է տեսնում տնտեսությունում և չի կողմնորոշվել իր ապագայի հարցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է պահել անորոշությունն իր քաղաքական պլանների վերաբերյալ, երբ 2018 թ-ի սկզբին ավարտվի յուր լիազորությունների ժամկետը և քաղաքական համակարգն ամողջությամբ անցնի խորհրդարանական կառավարման ձևի:


«Ես բազաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա», - «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխավելով 2018թ.-ին իր՝  վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Իր խոսքում նա նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:


2014 թ-ի ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման անցումից հետո չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ խորհրդարանի խոսնակի պաշտոնին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել էր նա:


Միևնույն ժամանակ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության մասին՝ Սարգսյանն ասել է, որ դրական տեղաշարժ է տեսնում տնտեսության մեջ:


Սարգսյանն, անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կախատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:


Նա խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականություն դարձրած ցուցանիշների մասին:


Պատասխանելով հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները ամբողջությամբ չեն կատարվել, ո՞րն երաշխիքը, որ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է.  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով ևս՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:


Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսեք, ավելին արեցինք: Հաջորդը. իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակարդում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջև: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»: