Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման կոնկրետ ժամկետը վերջնականապես ճշտված չէ. ԱՆ
Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման կոնկրետ ժամկետը վերջնականապես ճշտված չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ավելի վաղ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասուլիսում հայտարարել էր, որ նրա արտահանձնման գործընթացը մեկնարկել է և խոստացել էր, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ գործընթացն արվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Ինչպես գրել էր VERELQ-ը, Հրաչյա Հարությունյանը Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:
Տեղափոխվելուց հետո Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կմնա ևս 2 տարի 9 ամիս:
ՌԴ-ում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատարանի վճիռը կայացվել է, այն արդեն ուժի մեջ է մտել, իսկ համաձայն լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով ներքին տեղափոխումն իրականացվել է: