25.11.2024
Կոռուպցիա, «փակ փողեր», ՓԲԸ-ներ. Ի՞նչն է խանգարում ՀՀ-ին մասնակցել ՌԴ գնումների շուկային
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին. Սաֆարյան

ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Սա են վկայում ուսումնասիրությունները, որն իրականացրել է Եվրասիական փորձագիտական ակումբը՝ մեկտեղելով նախորդ 2 տարիների և 2017 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքները:


Ասուլիսում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի համար միջազգային վարկանիշային կազմակերպությունները վերանայել են ցուցանիշները՝ խոստանալով զարգացման աճի նոր ցուցանիշներ» և ըստ այդ կանխատեսումների՝ 2017 թ-վականին Հայաստանը կարող է ունենալ 2,5-3%, ընդհուպ մինչև 3,4% տնտեսական աճ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է 0,2% տնտեսական աճ:


Արամ Սաֆարյանի խոսքով՝ այս բոլոր կանխատեսումները, ինչպես նաև 2017 թվականի առաջին հինգ ամիսների վիճակագրությունը հուշում է, որ հնարավոր է տարին փակենք դրական ցուցանիշով, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար բացվում է լուրջ հնարավորություն զարգացման համար.


«2016 թվականին ասում էինք, որ Հայաստանում տնտեսական լուրջ զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, եթե ՀՆԱ-ի աճը 6-7% կամ ավելի լինի, իսկ այս տարի արդեն որոշակի զգույշ լավատեսական կանխատեսումներ ենք անում, որ մեր տնտեսությունը 2018 թվականին և հաջորդ տարիներին զարգանալու է ավելի մեծ ցուցանիշներով, քան 2017թ-ին էր»,- նշեց Սաֆարյանը: 


Տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշն արտահանման ոլորտում է, իսկ այստեղ, մատնանշեց բանախոսը, 2017 թվականի հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանմամբ: Նրա խոսքով, միայն պատրաստի արտադրանքի արտահանումն ավելացնելու դեպքում մենք կարող ենք լուծել Հայաստանում և՛ զբաղվածության, և՛ սոցիալական խնդիրները: Իսկ վերամշակող արդյունաբերության, տեքստիլի, կոշկեղենի արտադրության ոլորտները, որոնք տարիներ առաջ որակվում էին իբրև «անհույս ու մեռած», այսօր լավատեսություն են ներշնչում, քանի որ վերջին երկու տարիներին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ֆոնին, զարգացման լուրջ հնարավորություններ են ստացել:

Հաջորդ կարևոր ոլորտը, որ մեծ լավատեսություն է ներշնչում, զբոսաշրջությունն է. Արամ Սաֆարյանը մատնանշեց, որ այս ոլորտում ևս աճ է արձանագրվել, ինչն արդեն հնարավորություն է տալիս լրջորեն խոսելու Հայաստանը զբոսաշրջային երկիր դարձնելու մասին.


«Միայն Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու հնարավորության շնորհիվ 25%-ով ավելացել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նշանակում է, որ մենք իրապես հնարավորություն ունենք Հայաստանը դարձնելու գրավիչ զբոսաշրջային կենտրոն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք առկա են ու առանձին ոլորտներին, որտեղ աճ չի արձանագրվում, ապա դրանք են գյուղատնտեսությունն ու շինարարությունը, թեև հուսադրող է Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ գյուղատնտեսական մթերքներ արտահանելու հնարավորությունները: Արամ Սաֆարյանը նկատեց, որ ՌԴ-Արևմուտք քաղաքակրթական առճակատումը չի ավարտելու և կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականը էմբարգոյի քաղաքականությունը շարունակվելու է: Այս իրավիճակում բարենպաստ կլիմակայական գոտիներ ունեցող երկրները ունեն լուրջ հնարավորություն էապես մեծացնելու իրենց մթերքների արտահանումը Ռուսաստան.


«Մեր ծավալները բավական համեստ են, բայց վերջին երկու տարիներին նաև արձանագրում ենք գյուղատնտեսական մթերքների և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճ: Խոսքը հատկապես դեպի Ռուսաստան արտահանումների մասին է: Դա նշանակում է, որ մենք պետք է լրջորեն զբաղվենք այս ոլորտների զարգացման ուղղությամբ, ներդրումների ավելացմամբ: Քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում մանրուքները, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, տնտեսավարողների հետ պետական կառույցների մարմինները, վարկային ու բանկային կազմակերպությունները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները մեր տնտեսավորողների հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը»,-հավելեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը: