Թուրքիան և Իսրայելը Եվրոպա գազ մատակարարելու համար մտադիր են գազատար կառուցել
Թուրքիան և Իսրայելը մտադիր են մինչև տարեվերջ համաձայնագիր ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ, որով միջերկրածովյան հանքերից գազ կմատակարարվի դեպի Եվրոպա:
Այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի, ջրամատակարարման և ազգային ենթակառուցվածքների նախարար Յուվալ Շտայնիցը: Նրա խոսքով` գազատարի կառուցման հարցով նախնական միջկառավարական համաձայնագրի կնքման մասին որոշումը կայացվել է բանակցությունների 4 փուլի արդյունքում:
Իսրայելցի նախարարը նշել է, որ ներկա պահին ինտենսիվ բանակցություններ են անցկացվում երկու գազամուղ գծի կառուցման շուրջ: Դրանցից մեկը նախատեսվում է կառուցել Թուրքիայում` հասնելով Եվրոպա: Մյուս գազատարը կանցնի Կիպրոսի և Հունաստանի միջով` հասնելով Իտալիա:
Համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կընդունվի այս տարի էներգետիկայի թուրք նախարար Բերաթ Ալբայրաքի` Իսրայել այցի ժամանակ։