Շվեդիայի խորհրդարանականները մեղադրել են Էրդողանին ցեղասպանության համար
Շվեդիայի խորհրդարանի 5 անդամ հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների մեջ՝ 2015-ից շարունակվող բախումներում թուրք զինվորականների և քուրդ ապստամբների միջև: Շվեդիայի միջազգային դատախազությունը որոշում կկայացնի, թե երբ է հայցի հիման վրա հետաքննություն սկսվելու:
Եթե դատարանի որոշումը դրական լինի Թուրքիայի նախագահին կարող է կալանք սպառնալ Շվեդիայի տարածքում:
Սա նմանատիպ առաջին հայցն է Շվեդիայի քաղաքացիների անունից մեկ այլ պետության ղեկավարի դեմ: Դա հնարավոր դարձավ 2014-ին Շվեդիայում օրենքի ընդունումից հետո, որով դատարանին թույլատրվում է ցանկացած գործ քննել, կապված մարդկայնության դեմ հանցագործությունների հետ, անկախ նրանից, թե որտեղ են այս հանցագործությունները կատարվել:
Շվեդացի խորհրդարանականները, Ձախակողմյան և Կանաչների կուսակցությունների ներկայացուցիչները, հույս են հայտնել, որ Եվրոպայի մյուս երկրները ևս կհետևեն իրենց օրինակին:
«Եթե Էրդողանին արգելեն Եվրոպայով մեկ թափառել ու ազդել եվրոպական երկրների վրա ինչպես ուզի, հուսով եմ, որ դա կանդրադառնա նրա քաղաքականության վրա»,-ասել է հայցվորներից մեկը, Կանաչների կուսակցությունից Կառլ Շլիտերը, գրում է «Կոմերսանտը»: