24.11.2024
Ադրբեջանում արգելափակվել են Հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերը
prev Նախորդ նորություն

Հետագա արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

Հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անընդունելի է Ռուսաստանի համար, և պաշտոնական Մոսկվան կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար:


Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով օրերս հակամարտության գոտում գրանցված լարվածության աճը: Նա հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում կողմերն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար:


«Մենք, բնականաբար, չենք կարող չմեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի հերթական խախտումը, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և երեխաների շրջանում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին, անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար»,- ասել է Զախարովան:


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում «ընդգծվում է բռնությունը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը»:


Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:


Ավելի վաղ հուլիսի 4-ի դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ: