Վրաստանում սկսել են տուգանել Հայաստանի վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենաներ վարող քաղաքացիներին: Այս փաստին արձագանքել է արդեն Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Ինչպես հայտնում է nor.ge կայքը, Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից այսօր կատարված տուգանումների փաստով:
Գործակալության տվյալներով, Վրաստանի մի շարք քաղաքացիներ, ովքեր ունեն հայկական վարորդական իրավունք, տուգանվել են 500 լարի գումարով: Նինոծմինդա քաղաքի բնակիչը, ով չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ իրեն կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը եւ, ստուգելով փաստաթղթերն ու վարորդական իրավունքը (վարորդական իրավունքը հայկական է եղել, իսկ ինքը՝ Վրաստանի քաղաքացի), տուգանել են 500 լարի գումարով՝ բացատրելով, որ վարորդական իրավունքը անվավեր է ճանաչված համաձայն ուժի մեջ մտած նոր օրենքի:
Ավելի ուշ պարզվել է, որ նա միակը չէ, որ տուգանվել է: Նինոծմինդայի բնակչությունը անհանգստացած է, քանի որ մինչ այժմ հայկական վարորդական իրավունքներով երթեւեկում էին առանց որեւէ խնդրի: Նինոծմինդա քաղաքի կենտրոնում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ եւ քննարկում են կատարվածը՝ նշելով. «Մեզ ոչ ոք նախապես չի զգուշացրել այս մասին, մենք չգիտենք, որ նման օրենք է գործելու: Երեկ նման խնդիր չկար, իսկ այսօր բոլորին սկսել են տուգանել 500 լարիով, ինչ է կատարվու՞մ: Եթե նոր օրենք են ընդունում, ապա պետք է զգուշացնեն դրա մասին: Այնինչ ոչ մի տեղեկատվություն չի եղել մինչ օրս»:
Փաստի առնչությամբ դիմել են նաեւ ոստիկանության մամլո ծառայություն, որտեղ պատասխանել են, որ դեռեւս ոչինչ չեն կարող ասել:
Միեւնույն ժամանակ jnews.ge կայքը հայտնում է, որ խնդիրն արդեն կարգավորվել է: «Երեկ, Նինոծմինդայի բնակիչները տուգանվեցին, այն պատճառով, որ ավելի քան մեկ տարի է մեքենա են վարում հայկական վարորդական իրավունքով, աղմուկ բարձրացվեց, Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին նոր հրաման արձակեց, ըստ որի, այլեւս տուգանքներ չեն գրվի եւ հուլիսի 5-ին տուգանվածները կազատվեն տուգանքից»,- տեղեկացրել է Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
«Մենք Մամուկա Մդինարաձեի հետ հանդիպման էինք (խմբ. Խորհրդարանի պատգամավոր): Երբ ինձ զանգահարեցին եւ ասացին, տույժերի խնդրի մասին, մենք զրուցեցինք Մամուկայի հետ, նա զանգահարեց Ներքին գործերի նախարարին: Նախարարն արագ արձագանքեց: Եղավ նախարարի նոր հրամանագիր, ըստ որի ամեն ինչ մնում է հին ձեւով եւ նույնիսկ նրանք, ում տուգանել են ազատվում են տույժերից»,- ասաց Սամվել Մանուկյանը:
Ըստ նրա, հրամանն արդեն ուժի մեջ է, եւ հանձնախմբերը արդեն տեղյակ են: Հարցին, թե տուգանքները չեղյալ հայտարարելու համար տուգանվածների կողմից կա արդյոք որեւէ գործողությունների անհրաժեշտություն, այդ մասին Սամվել Մանուկյանը խոստացավ պարզել եւ տեղեկացնել: