VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։ Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։ Որտե՞ղ է այժմ Արսենյանը եւ ինչո՞վ է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից։ Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։ Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։ Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել։ Այժմ թեստի արդյունքը չկա նրա էջում, բայց վարկածի ճշմարտացիության մասին է վկայում այն, որ Բաղրամյան 26-ի ֆեյքերը հարձակվել են նրա վրա։ «Ուշադրություն դարձրեք նրա բացատրությանը, վարչապետը նրան չէր հանի, դա արել են նախագահականից, տեսեք՝ իր վերջին գրության մեջ շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոչ թե նախարարին, մի հատ էլ վախեցնում, թե կիսատ է թողնում սկսած բարեփոխումները, էլ ո՜նց կլինի, ո՜նց կդիմանանք: Հետն էլ նեղացած է հեռանում, գրել է, որ առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում»,- ասաց մեր աղբյուրը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք, դա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձեւով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզեւ՝ առերեւույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով եւ նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է եւ միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, Ղարաբաղյան կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը։
Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջընթացի հարցում այն անհեռանկարային է, եւ շատ ցավալի է, որ Բաքվում մինչ օրս ոչ բոլորն են դա ընկալել ու խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ»,- «168 ժամ»-ին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով Ավստրիայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին ադրբեջանական զինուժի վերջին սադրանքը, երբ Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացվել հարավային ուղղությամբ գործող հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, այդպիսով՝ հայկական կողմին կոպտորեն պարտադրելով պատասխան քայլեր իրականացնել, որոնց հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Ըստ նրա՝ Ադրբեջանն այս սրացմամբ փորձում է որոշ չափով ուշադրությունը շեղել միջազգային սկանդալից, որ, ինչպես պարզել է բուլղարական «Տրուդ» թերթը, Բաքուն դիվանագիտական չվերթերի քողի տակ զենք է մատակարարել ահաբեկիչներին. «Դա «Տրուդ» թերթի առաջին մանրակրկիտ հետաքննությունը չէ, որ նվիրված է Մերձավոր Արեւելքում գործող ծայրահեղական խմբավորումներին ու կազմակերպություններին զենքի մատակարարումների մեխանիզմների եւ ուղիների բացահայտմանը։ Ես հետեւում եմ այդ թերթի հրապարակումներին եւ պետք է ասեմ, որ դրանք բավականին լայն արձագանք են առաջացնում Սիրիայում Ռուսաստանի մղած հակաահաբեկչական պայքարի համատեքստում, նաեւ՝ ընդհանուր Մերձավոր Արեւելքում։ Եվ Ադրբեջանի այդպիսի գործունեությունը բավականին ուշագրավ է։ Ես կարծում եմ, որ ձեր նշած պատճառահետեւանքային կապը բոլորովին չի կարելի հերքել՝ այս վերջին սրացման հետ կապված։
Տեղեկատվական պատերազմի օրենքներն այնպիսին են, որ, իհարկե, անհրաժեշտ է որոշակի ավելի մեծ աղմուկ, որպեսզի նախորդած իրադարձությունների մասին մարդիկ չհիշեն կամ ավելի քիչ հիշեն։ Բայց, ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ դա կառուցողական եւ ճիշտ մոտեցում է, քանի որ ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է»։
«168 ժամ» թերթը գրում է. «Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար. «Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի եւ կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք եւ մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։ Այսօր միջազգային հարաբերություններում որեւէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, եւ միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել եւ կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ: Թաղամասի բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել: «Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել է էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա եւ տրուբեկը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները: Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առջեւ է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը:
«Մենք երեք հարեւաններով 30 հազար դրամ փող ենք տվել, որ միայն պատը ծակեն: Առաջին օրվանից խողովակները ծակ են եղել, առաջին օրվանից ջուրը լցվել է տան տակը: Յանի էկան սարքեցին, բայց 7 տարի է էս վիճակն է: Շենքի հիմքը խարխլված է, վթարային է դարձել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են թաղամասի շենքի բնակիչները: Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված եւ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Ստեղծված իրավիճակին զուգահեռ հարկ է հիշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր վերահսկում շինաշխատանքների ընթացքը: Նա նույնիսկ մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքի որակին, հորդորել՝ կատարյալ բնակարաններ կառուցել: Նա ժամանել էր անգամ բնակարանամուտին, անօթեւան գյումրեցիներին իր ձեռքով փոխանցել թերի կառուցապատված բնակարանների բանալիները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ։ Նոր Խարբերդ համայնքի ղեկավար ԲՀԿ-ական Կամո Կակոյանի շրջապատից տեղեկացանք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանն օրերս զգուշացրել է համայնքապետին՝ շատ չընդլայնել բիզնեսը, քանի որ մարզում որոշում կայացնողն իրենք են, ոչ թե ԲՀԿ-ականները։ Իսկ Կակոյանն իրեն պատկանող սգո սրահը որոշել է ռեստորան դարձնել, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ այդ վայրում խաղատուն էր»: