Կատարը մտադիր է գործակցել Իրանի հետ իսլամական աշխարհի խնդիրները լուծելու համար
Դոհան մտադիր է համապարփակ հարաբերություններ զարգացնել Թեհրանի հետ, ինչպես նաև գործակցել իսլամական աշխարհի խնդիրների հանգուցալուծման համար: Այդ մասին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Կատարի էմիրի խոսքերն Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին հնչել են արաբական պետությունների վերջնագրից 2 օր անց, որոնց պահանջների թվում էր նաև Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ալ Մայադին հեռուստաալիքի վրա հղումով:
Ըստ հեռուստաալիքի, Կատարի էմիրը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի հետ հարաբերությունների համալիր զարգացման և իսլամական աշխարհի խնդիրների հետ համագործակցության համար, որը ծանր պայմաններում է գտնվում:
Ըստ էմիրության ղեկավարի, «սխալների ուղղումը իմաստության և երկխոսության կարիք ունի»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է երկխոսության ճանապարհով: Նա նշել է, որ Կատարի մեկուսացումը մի շարք արաբական երկրների կողմից անընդունելի է Իրանի համար:
«Օդային, ցամաքային և ծովային տարածությունները միշտ բաց կլինեն եղբայրական հարևան երկրի՝ Կատարի համար»,-ասել է Իրանի նախագահը: