Եվրամիությունը անկենսունակ է որակում ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն
Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:
Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունում: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
«Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով շփման գծում մի քանի զոհեր եղան: «Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, համանախագահները վերջերս այցելեցին Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում բարձրաձայնվեց մտահոգություն առաջնագծում արձանագրվող միջադեպերի առնչությամբ: Սակայն համանախագահների այցից հետո Բաքուն դիմեց հերթական գործողություններին, որոնք սրեցին իրավիճակը սահմանին, ինչի հետևանքով անցած շաբաթ առաջնագծում զոհվել է չորս հայ զինծառայող: