Թուրքիան պետք է հարգի Իրաքյան Քուրդիստանի՝ անկախացման հանրաքվե անցկացնելու որոշումը
Թուրքիան պետք է հարգի Իրաքյան Քուրդիստանի՝ անկախացման հանրաքվե անցկացնելու որոշումը ու աջակցի երկխոսությանը Էրբիլի ու Բաղդադի միջեւ։ Այս մասին հայտնել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդի խորհրդական Հեմիմ Հավրամին, փոխանցում է Reuters-ը։
«Մենք իրականացնում ենք մեր ժողովրդավարական իրավունքը, ինչպես եւ Թուրքիայի ժողովուրդը, որը քվեարկել է սահմանադրական բարեփոխման օգտին։ Մենք էլ ենք հանրաքվե անցկացնում, որպեսզի հասկանանք, թե ինչ է ուզում ժողովուրդը»- ասել է Հավրամին։
Նրա խոսքով, հանրաքվեն վերաբերելու է միայն իրաքյան քուրդերին ու առնչություն չունի տարածաշրջանի մյուս մասերում բնակվող քրդերի հետ։ Նա նշել է, որ հանրաքվեն Իրաքի առկա միջազգային սահմանները փոխելու փորձ չէ։
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան քուրդ ժողովրդի օրինական ձգտումները։ Մենք կսկսենք երկար, լուրջ ու համբերատար երկխոսություն Բաղդադի հետ»,- հավելել է նա։