25.11.2024
Պոպով. Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումը խոր մտահոգության տեղիք է տալիս
prev Նախորդ նորություն

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից: Այդ մասին նշված է տարածաշրջանային այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:


Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի տարածաշրջան այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումը և, ընդհանուր առմամբ, հակամարտության գոտում իրավիճակը քննարկելն էր:


«Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից:


Նույն ուղերձն ենք հղում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Համանախագահները խրախուսել են կողմերին միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կոչ են արել կողմերին բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններին: Ընդգծում են, որ սա միակ ճանապարհն է, որով կարելի է տևական խաղաղություն բերել տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք ակնկալում են և որոնք արժանի են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի: Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարությունում:


Բացի այս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին տեղեկություններ փոխանցելու համար: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: