ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն հունիսի 15-ին ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, և քննարկել համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, որն ապահովում է ՀՀ ներքին շուկայում բնական գազի մատակարարումը: Ընկերությունը նաև իրականացնում է բնական գազի ներկրում, բաշխում և իրացում, գազափոխադրման համակարգի և ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցումն ու ընդլայնումը հանրապետության տարածքում:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է, և ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային և սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում են «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:
Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Ընդգծելով, որ «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ:
«Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանը ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի շահագործման աշխատանքներին, բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքին, համատեղ մյուս ծրագրերին և երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և նոր ծրագրերով սերտացնելու վերաբերյալ:
Այնուհետև Ալեքսեյ Միլլերը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հայտնում են նաախագահի մամուլի ծառայությունից, հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում Սարգսյանը մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:
Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին:
Կարևորելով «Գազպրոմ» ընկերության ներկայացվածության մակարդակը Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաև վերջինիս ներգրավվածությունը իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել ընկերությանը բոլոր ծրագրերի իրականացման գործում: