«Վթարային արգելակ». ԵՄ-ից արտաքսված հարյուրավոր վրաստանցիներ, ի՞նչ է սպասվում Ուկրաինային
Ավելի քան 2.500 ուկրաինացի է հատել Եվրամիության երկրների սահմանը վիզայի ազատականացումից հետո առաջին երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը, գրում է RT-ն:
«Ժամը 18:00-ի դրությամբ 2555 ուկրաինացի օգտվել են առանց վիզայի ռեժիմից: Ընդհանուր առմամբ` կենսաչափական անձնագիր ունեցող 20 հազար ուկրաինացի է հատել Ուկրաինայի սահմանը: Եթե համեմատենք թվերը հունիսի 10-11-ի հետ, այս երկու օրում հեռացող մարդկանց թիվը նկատելի չի ավելացել: Անցագրային կետերում դրությունը հանգիստ է և վերահսկելի»,- ասել է Սլոբոդյանը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը ԵՄ հետ վիզաների ազատականացման առաջին օրն անձամբ է ստուգել Հունգարիայի հետ սահմանին անցագրային կետի աշխատանքը:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Եվրամիությունը տրամադրեց Վրաստանին, այնունհետեւ նաև Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ՝ ոտքը պահելով «վթարային արգելակի վրա»:
Բանն այն է, որ ԵՄ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վիզաների ազատականացման տարիներ տեւած գործընթացը կարող է «ջուրն ընկնել», եթե Բրյուսելում գտնեն, որ այդ պետություններից մարդկանց հոսքը ԵՄ գերազանցում է առկա սպասումները: Այսինքն՝ մարդիկ գալիս են, ոչ թե հանգաստանալու, այլ ապրելու և աշխատանք գտնելու հույսով: Այդ դեպքում ԵՄ-ը միանգամից կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը և վերադառնալ հին աշխատակարգին:
Պատահական չէ, որ ինչպես հունիսի 12-ին հայտնի դարձավ, վերջին երկու ամսվա մեջ ԵՄ-ից արտաքսել են շուրջ 200 Վրաստանի քաղաքացիներ: Առավել շատ վրաստանցիներ արտաքսել են Գերմանիայից, իսկ ամենաքիչը՝ Սանդինավյան երկրներից: