23.11.2024
Ինչո՞ւ պայթեց Կատարի դեմ ուղղված «դիվանագիտական ռումբը»
prev Նախորդ նորություն

Փոքր ավիացիայի վերածնունդը Կապանից. Սյունիքի մարզպետը գոհ է

Այսօր առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել  Սյունիքի օդանավակայանում։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ: Նշենք, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ:


Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չէր բացառել, որ մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրեն: VERELQ-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ այսօր տեղի ունեցած փորձնական թռիչքի համար ինքնաթիռն իրենց խնդրանքով ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից.


«Օդաչուն ՌԴ քաղաքացի Սիմոն Մնոյանն է, ով մեր խնդրանքով կատարել է չվերթը ՌԴ-ից Երևան, այնուհետ Երևան-Կապան-Երևան և երեկոյան մեկնելու է ՌԴ: Չվերթի նպատակն էր մեր մասնագետների կողմից իրականացնել թռիչքուղու հաշվարկները, հասկանալ հնարավոր խոչընդոտները: Այսօր երկու թռիչք է կատարվել, երկրորդին նաև ես եմ մասնակցել՝ Սյունիքի վրա պտույտ ենք կատարել ու վերադարձել ենք Կապան: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորված էր»,- փոխանցեց մարզպետը:


Վահե Հակոբյանի խոսքով, Կապանի օդանավակայանի թռիչքուղին լավ վիճակում է գտնվում, մնացել են որոշակի աշխատանքներ: Ամենակարևորը՝ օդանավակայանի շենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կմեկնարկեն շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում: Մարզպետը հստակեցրեց՝ մինչ շենքի վերջնական կառուցումը օդանավակայանի լիարժեք շահագործում չի լինի, բայց եթե Fly plan-ը լինի, ապա թռիչքներ բացառված չեն.


«Թռիչքուղին այնպիսի լավ վիճակում է, որ պայմանական ասված չարտերային՝ մասնավոր թռիչքները հնարավոր են, եթե դրա համար անհրաժեշտ չեն նավիգացիոն սարքավորումներ: Բայց լիարժեք շահագործումից հետո, բնականաբար, օդանավակայանում կգործի նաև դիսպետչերների ծառայությունը»:


Օրերս հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում: Երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Նախաձեռնությունը նպատակն ունի զարգացնել նաև զբոսաշրջությունը Արցախում: Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Կապանի օդանավակայանն օդային կապ հաստատի Ստեփանակերտի հետ և այս ընթացքում երկտեղանոց ինքնաթիռները երկկողմանի թռիչքներ իրականացնեն: Նրա խոսքով՝ գաղափարն, իհարկե, փայլուն է, բայց լուծումը գտնվում է այլ մակարդակում.


«Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, քանի որ այն պետք է քննարկվի թե՛ ՀՀ, թե՛ Արցախի ղեկավարության հետ: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա իհարկե կարելի է նաև նման օդային կապ հաստատել, բայց, կրկնում եմ, դա պետք է որոշեն երկու պետությունների ղեկավարները»,- հավելեց նա:


Նշենք, որ մասնավոր թռիչքի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել նաև  ՀՀ քաղավիացիան.


«Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով:

Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը:

Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին:

Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը: Տեղեկացնենք նաև, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Լիա Խոջոյան