Իրաքցի քրդերը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացնեն
Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում:
Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին՝ «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն:
Նույնիսկ եթե հանրաքվեի բոլոր մասնակիցները դրական պատախան տան, դա չի նշանակում, որ քրդերն ինքնաբերաբար կհայտարարեն սեփական պետություն ստեղծելու մասին: Նախ նրանք հուսով են առավել մեծ աջակցություն ստանալ ինքնորոշման հարցում Իրանի իշխանությունների հետ բանակցություններում:
Բաղդադը կտրականապես դեմ է քրդական ինքնավարության անջատմանը, ինչպես նաև այդ հարցով հանրաքվեի անցկացմանը: Ենթադրվում է, որ Թուրքիան, Իրանը և Սիրիան չեն ճանաչի քրդական հանրապետությունը, քանի որ մտավախություն ունեն, որ դա կսրի անջատողական տրամադրությունները իրենց տարածքում ապրող քրդերի շրջանում: