25.11.2024
Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է. (թարմացվում է)
prev Նախորդ նորություն

Իրանցի պատգամավոր. Իրանն այն երկիրը չէ, որտեղ ԻՊ-ը կարող է ահաբեկչություններ իրականացնել

Իրանի խորհրդարանն ընդհատել է նիստը՝ Թեհրանում լայնամասշտաբ ահաբեկչական գործողությունների պատճառով: Այս պահին իրարամերժ տեղեկություններ ենք ստանում անմեղ զոհերի մասին, նաև, որ ահաբեկիչներից երեքն իրենց պայթեցրել են: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Պատգամավորների մեջ զոհեր չկան, հարձակումը տեղի է ունեցել խորհրդարանի վարչական շենքերից մեկում, բայց տեղյակ եմ, որ զոհեր կան, ցավոք, խորհրդարանի անվտանգության աշխատակիցների թվում: Թեև դեռ իրավիճակը խառն է և այդ լուրերը վերջնական ստուգված չեն»,- ասաց նա:

Իրանցի պատգամավորն ասաց, որ նիստն ընդհատելիս հայտարարվել է, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ պատասխանատվություն է ստանձնել կատարվածի համար: Բայց նա մտավախություն չունի, թե իրավիճակը գնալով ավելի կվատթարանա, թեև ընդհանուր տարածաշրջանում վերջին օրերի զարգացումները բացասական ֆոն են հաղորդում կատարվածին.

«Ներքին զգացումս, որը հենված է նաև տրամաբանության վրա, ինձ հուշում է, որ Իրանում չեն կարող լայնամասշտաբ ահաբեկչական գործողությունները երկար շարունակել և չեմ կարծում, որ ավելին կլինի, քան այսօր եղավ: Մեր տեղեկություններով, ահաբեկիչների երեք խումբ է եղել, որոնցից մեկն անվտանգության աշխատակիցների կողմից ոչնչացվել է: Չեմ կարծում, թե Իրանն այն երկիրն է, որտեղ ԻՊ-ը կարող է երկար գոյատևել և ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Խորհրդարանն ընդհատված նիստը կշարունակի կիրակի օրը, իսկ մինչ այդ, Կարեն Խանլարյանի խոսքով, դժվար թե երկրում արտակարդ դրություն հայտարարվի.|

«Մինչև այս պահը խոսակցություն չի եղել արտակարգ դրության կամ պարետային ժամ հայտարարելու մասին, բայց ես վստահ եմ, որ դրան չի հասնի, քանի որ իրավապահներն ու իշխանությունները տիրապետում են իրավիճակին: Իրանն ունի անվտանգության հզոր համակարգ, չեմ կարծում»,- հավելեց նա:




Վերջին տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել 7 մարդ:


Fars գործակալության հաղորդմամբ, հարձակվողներից մեկը մահապարտ է, նրան շրջապատել են իրավապահները: Ընդհանուր առմամբ հարձակվողներիը երեքն են եղել: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողներից մեկը լիկվիդացվել է:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: