«Իսլամական պետությունը» ստանձնել է պատասխանատվությունը Թեհրանի ահաբեկչությունների համար
«Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: Հարձակումն իրականացրել է 3 գրոհային, որոնք շարունակում են պատանդ պահել պատգամավորներին:
Համաձայն իրանական լրատվամիջոցների, խորհրդարանում այսօր հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ Մեջլիսի անվտանգության աշխատակիցներից մեկը: Վիրավորների թիվը հասել է 8-ի:
Զուգահեռ այդ հարձակմանը երեք անհայտ անձ կրակահերթ է բացել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանում: Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է ինքն իրեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ իրեն պայթեցրածը կին է եղել: Դամբարանում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: