Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար և ծավալելու է արտախորհրդարանական գործունեություն։ Այս մասին հայտնել Սեյրան Օհանյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
Օհանյանը նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
«Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը», - հարցազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարը:
Հայտարարելով, որ մնալու է քաղաքականության մեջ՝ Օհանյանը շարունակեց․ - «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագային մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Ազգային ժողովո չանցած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինիքի ղեկավարի խոսքով, ներկայիս խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կամքը»:
Նա ընդգծել է, որ խորհրդարանից դուրս են այսօր քաղաքական շատ ուժեր, և, անկասկած, նրանք պետք է և՛ խորհրդարանին, և՛ այսօրվա իշխանություններին լսելի դարձնեն «մեր ժողովրդի ամբողջ ձայնը»: «Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը, կարելի է ասել, որ ամենաապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական զարգացումները պետք է տեղի ունենան օրենքի շրջանակներում:
Նրա խոսքով, խորհրդարանում հայտնված ուժեր, այնուամենայնիվ, ժողովրդի իսկական շահերը չեն արտահայտում: «Եվ այդ առումով, եթե ժողովրդի ձայնը լսելի չլինի, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը իր ձայնը պետք է լսելի դարձնի իշխանությունների համար», - ասաց նա՝ հավելելով, որ ապագայում նախատեսվում են ՕՐՕ դաշինքի ներսում քննարկումներ՝ իրեց ապագա գործունեությունը հստակեցնելու համար:
Նա հավելել է, որ դեռ պարզ չէ, արդյոք ՕՐՕ նախընտրական դաշինքը կվերածվի մեկ միասնական քաղաքական ուժի: «Կան տարբեր կարծիքներ, դրանք արտահայտվել են: Ամեն ինչ պետք է քննարկել և դրանից հետո գալ միասնական կարծիքի: Այդ քննարկումները պետք է լինեն ոչ միայն դաշինքի ներսում, այլեւ դաշինքի անդամ կուսակցությունների ներսում», - եզրափակել է նա: