Հայաստանի կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։
Նա նշել է, որ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը կազմում է շուրջ 2000 դրամ, ինչը նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ։
Խոսելով նախաձեռնության նպատակի մասին՝ նա ասել է, որ նախատեսվում է անցնել Հայաստանի նոր՝ III շարքի թղթադրամների ներդնմանը, որի նպատակն է նորացնել ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամների շարքը, որը ներդրվել է դեռևս 1998-2003 թվականներին և ունի միջինում 15 տարվա վաղեմության ժամկետ:
«Նշեմ, որ այս 15 տարիների ընթացքում պաշտպանված տպագրության տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել՝ ստեղծվել են նոր տեսակի հումքեր, որոնք թույլ են տալիս երկարացնել թղթադրամների «կյանքի» տևողությունը և ապահովել «մաքուր» դրամաշրջանառություն, ինչն անկասկած բնակչության մոտ ստեղծում է համապատասխան վերաբերմունք ազգային արժույթի նկատմամբ»,- ասել է նա:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: «Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը»,- բացատրել է նա:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության կողմից առօրյա գնումների և ծառայությունների դիմաց վճարումները հիմնականում իրականացվում են կանխիկ դրամով, և այն, որ մեկ բնակչի հաշվով շրջանառությունում առկա է շուրջ 5 հատ 1000 դրամանոց թղթադրամ, մասնագետները գնահատում են, որ 2000 դրամանոցի ներդնումը կնվազեցնի թղթադրամների ընդհանուր քանակը ու առավել օպտիմալ կդարձնի քաղաքացիների դրամապանակի պարունակությունը»,- ասել է Գևորգ Մուղալյանը:
Նրա խոսքով, թղթադրամների ընդհանուր քանակի նվազումը, իր հերթին, կնվազեցնի կանխիկ դրամաշրջանառության ապահովման ու սպասարկման ծախսերը:
Պաշտոնյան նաեւ հավելել է, որ կանխիկ դրամաշրջանառության կազմակերպման համաշխարհային պրակտիկայում բազմաթիվ երկրներ ունեն միջանկյալ 2, 20, 200, 2000 անվանական արժեքներ: «Մասնավորապես` Չինաստանը, Ղազախստանը, Շվեդիան, ԱՄՆ-ը, Վրաստանը, Լեհաստանը, Իսրայելը, Իրանը և այլն: 2017 թ. Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը նույնպես նախատեսում է թողարկել 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր դրամանիշեր»,- եզրափակել է նա: