VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ դաշնակցական որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրավումը երեք քաղաքական ուժերի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ Սարգսյանը անցնցում կլուծի իր իշխանության հավերժացման հարցը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: Մեզ հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տեւական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում եւ պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով: Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, եւ ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար: Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։ Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սեւագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ։ ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում։ 2 ժամ տեւած քննարկումից հետո որոշել են շարունակել նաեւ առաջիկայում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 եւ 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել: Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետեւաբար հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, եւ նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրան ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որեւէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։ Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն սպայական ծառայության հետ կապելն է: ԲՀԿ-ականները հետաքրքրվել են, թե կարո՞ղ է արդյոք առաջին կարգի զորամասում ծառայող զինվորը կես ճանապարհից ետ կանգնել, ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում։ Ըստ ծրագրի, ժամկետային զինծառայողը, կամավոր ընտրելով այդ ծառայությունը, կստանա բացարձակ նոր կարգավիճակ, որը կարելի է անվանել ժամկետային պայմանագրային ծառայություն:
Սա նշանակում է, որ 2 տարի ժամկետային ծառայության փոխարեն առաջարկվում է ստորագրել պայմանագիր, 3 տարի ժամկետով ծառայության անցնել առաջին կարգի զորամասում, բայց հետեւյալ պայմաններով՝ 5 ամիս ուսման ցիկլն ավարտելուց հետո ծառայություն 1+1+2 ձեւաչափով. 1 շաբաթ յուրաքանչյուր ամիս անցկացնում են տանը, 1 շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ 2 շաբաթ՝ առաջնագծում: 3 տարի ծառայելուց հետո նրանք իրենց հաշվին մոտ 5 միլիոն դրամ կստանան։ Պնախարարը պատասխանել է, որ կարող են որոշումից հետ կանգնել, պարզապես նման դեպքում լրացվում է 2 տարվա ժամկետային ծառայությունը․ եթե, ենթադրենք՝ մի քանի շաբաթ արձակուրդում է եղել, ապա պետք է լրացնի այդ ազատ օրերը։ Վ․ Սարգսյանն ասել է նաեւ, որ նման ծառայություն ընտրած զինվորի զոհվելու դեպքում 5 միլիոնը կփոխանցվի ընտանիքին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը: Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մկանունով Անդրանիկ Սողոյանը: Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, եւ թե տեսանկարահանողի»: