Կառավարությունն աջակցելու և ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին. Նախագահ
Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: Այս մասին Կողբի զորամասում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշելով, որ ընտրություններից հետո ստացել են ժողովրդի վստահության քվեն, երկրի ղեկավարն ասել է, որ հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ են եղել իրենց առջև ծառացած խնդիրների լուծմանը:
«Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել: Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական»,-ասել է Սերժ Սարգսյանը::
Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: