Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները 5-ին խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Պատճառը՝ Քաթարը, ըստ նրանց, աջակցում է ահաբեկիչներին և վտանգում իրենց երկրներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նշված երկրները հանդիսանում են Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի ամենահզոր անդամները, ուստի կանխատեսելի է, որ այս զարգացումները բացասաբար կանդրադառնան մերձարևելյան տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա:
Բահրեյնը, մասնավորապես, հայտարարել է, որ հետ է կանչում իր դիվանագետներին, քանզի Քաթարի շարունակական գործողությունները նպաստում են Բահրեյնի Թագավորությունում անկայություն մտցնելուն: Բահրեյնը, ինչպես և մյուս երկրները մեղադրել են Քաթարին աշխարհում ամենահին իսլամիստական շարժմանը՝ «Մուսուլման եղբայրներին», ինչպես նաև տարածաշրջանային մրցակից համարվող Իրանին աջակցելու համար:
Սաուդյան Արաբիայի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա», որոնց նպատակն է տարածաշրջանում անկայունություն մտցնելը:
Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության որոշմամբ՝ Քաթարի քաղաքացիները հունիսի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց վիզայի: