Ռոբերտ Նազարյան. ՀԵՑ-ը իր իսկ խախտումների պատճառով կրել է 53 միլիարդ դրամի վնաս
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԵՑ) ընկերության խախտումները և անբարեխիղճ կառավարման պատճառով վնասները կազմել են ավելի քան 53 միլիարդ դրամ: Այդ մասին այսօր ԱԺ լսումների ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Եթե չլինեին այս կորուստները՝ այսօր չէր լինի նաև բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու կարիքը», - նշել է Նազարյանը: Նրա խոսքով, եթե մինչև 2012թ.-ը իրավիճակը հնարավոր էր ինչ-որ ձև կարգավորել, ապա հետագայում՝ բնության պայմանները, այդ թվում սակավաջրությունը, ինչպես նաև օբյեկտիվ պատճառները, օրինակ, Հայկական ատոմակայանի նախատեսվածից ավելի երկար ժամանակով աշխատանքի դադարեցումը՝ ընկերությանը փաստի առաջ են կանգնեցրել:
«Այդ խնդիրները կարգավորելու համար բարձրացվել են սակագները, սակայն այդ խնդիրները չէին վերացել և հետագայում վատ կառավարումը էլ ավելի վատթարացրեց իրավիճակը», - նշել է նա: Ինչպես նշել է Նազարյանը, 2007թ.-ից սկսած, երբ Հայկական էլցանցերը անցան Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ-ի կառավարմանը և մինչև այսօր, համակարգի մեջ 102 միլիարդ դրամի ներդրումներ են իրականացվել: Այդ ներդրումների նպատակն էր անխափան էներգամատակարարման ապահովումը և համակարգում կորուստների նվազեցումը, ինչպես նաև հովհարային անջատումների քանակի նվազեցումը:
«Սակայն այդ ներդրումներից 22 միլիարդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առել և չի մտցրել սակագների ձևավորման մեջ, քանի որ ընկերոթյան համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները նրանց կողմից գնվել էին շուկայականից բարձր գներով և դրանք սպասված արդյունքը չեն տվել: Այդ 8 տարիների ընթացքում ընկերությունը անընդհատ կորուստներ է կրել, որոնք 2 տոկոսով գերազանցել են նախատեսված շեմը: Վերոնշյալ ողջ ժամկետում այդ ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 25 միլիարդ դրամ: Բացի այդ, ընկերությունը ամեն տարի 1 միլիարդ դրամով ավել աշխատավարձ է վճարել իրենց անձնակազմին, քան դա սահմանված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Գերվճարումները կազմել են 6.5 միլիարդ դրամ», - նշել է Նազարյանը:
Նրա խոսքով, ընկերությունը սկսել է խախտել նաև սահմանված կարգը՝ հաշիվներ բացել և այդ հաշիվների վրա գումարներ փոխանցել, ինչը ի սկզբանե նախատեսված չէր: Նա նշել է, որ դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունն է, որ հետ կարող է Հայկական էլեկտրական ցանցերը համաձայնվել կամ ոչ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը այդ կերպ արձագանքել է ընկերության ղեկավար Եվգենի Բիբինի հայտարարությանը: Վերջինս Արմինֆոյի հետ զրույցում մեղադրել էր հայկական կառավարությանը սակագների թանկացման և ընկերության կուտակած պարտքերի մեջ: Նրա խոսքով, կառավարությունը ժամանակին համակարգում արդար շուկայական բարեփոխումներ չի իրականացրել:
Այսօրվա լսումներին, սակայն, Բիբինը բացակայում էր, ինչը պատգամավորների կողմից բուռն զայրույթի արժանացավ: ԲՀԿ խմբակցության ղեկավար և կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Բիբինի պահվածքը անտակտություն և հայկական խորհրդարանի նկատմամբ առհամարական վերաբերմունք է համարել:
Քննարկումների ընթացքում Նազարյանից նաև հետաքրքվեցին, հնարավոր է արդյոք խուսափել սակագների բարձրացումից: Նա նշել է, որ հնարավոր է մի շարք պայմանների դեպքում, եթե հայկական դրամը վերադառնա 1 դոլարի համար 410 դրամ փոխարժեքին, եթե 24 միլիարդ դրամ գտնվի ընկերության ֆինանսական դեֆիցիտը լրացնելու համար, կամ ընկերությունը երկարաժամկետ վարկ ստանա և եթե խորհրդարանը որոշում կայացնի ավելացված արժեքի հարկը հանել Հայկական էլցանցերից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս պայմաններում ամենաօպտիմալ տարբերակն է համարում սակագների բարձրացումը 6.93 դրամով:
Հայկական էլցանցերի սակագները բնակչության համար կկազմեն ցերեկային ժամերին մեկ կվ/ժամի համար՝41.85 դրամ, իսկ գիշերը՝31.85 դրամ: Հայկական էլցանցերի հայտում, որը ներկայացվել է մայիսի 8-ին, նախատեսվում էր բարձրացում մինչև 58 և 48 դրամ համապատասխանաբար: Հիշեցնենք, որ ընկերությունը կուտակել է 250 միլիոն դոլարի պարտք: