Կարեն Կարապետյանի քաղաքականությունը վստահություն է ներշնչում սփյուռքին
Հայաստանը պետք է ադամանդ դառնա, Հայաստանում պետք է աշխատատեղ ստեղծենք, որովհետև եթե մարդ գործ չունենա, ապագա էլ այստեղ չի լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը:
Նրա խոսքով, Հայաստանը շատ վատ վիճակում է գտնվում՝ արտագաղթը մեծ է, ժողովուրդը՝ քիչ, երկիրը զորւկ է բնական պաշարներից: Այնպես որ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն է ու սփյուռքի ներուժի օգտագործումը, որպեսզի մարդիկ գան, ներդրումներ անեն, գործարաններ հիմնեն Հայաստանում:, ասաց նա՝ նշելով, որ երկրի վիճակը լավացնելու երկրորդ կարևոր խնդիրը պետք է լինի խաղաղություն հաստատելը:
Այն, որ նախկինում Հայաստանից շատ սփյուռքահայեր են հիասթափվել, Նահապետյանը տեղյակ է, բայց գտնում է, որ տարբեր կառավարությունների ղեկավարության ընթացքում դրանք լուծվում են: Կոնկրետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը նրան վստահություն ներշնչում: Ավելին՝ Նահապետյանը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է.
«Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք: Մեր ավանդական կուսակցությունների գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ մեր շրջանակներին համոզենք, որ Հայաստան գան: Բայց և շատ կարևոր է, որ տնտեսական խնդիրներից բացի ուշադրություն դարձվի նաև խաղաղության հաստատմանը, երկրում պետք է խաղաղություն լինի, որպեսզի ձևավորվի նաև վստահության մթնոլորտ»,- հավելել է նա: