«Հայֆիլմ», «Հայփոստ». Ո՞ր պետական ընկերությունները կմասնավորեցվեն 2017-2020 թթ-ին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, դրանցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:
Սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություններ: Դրանց թվում են՝ «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, Երվերելակ ՓԲԸ-ն, Ձիասպորտի կենտրոն ՓԲԸ-ն, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում տեղակայված «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր ՓԲԸ-ն, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ-ն, Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ն, Արաբկիր ԲԿ համալիր-երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն:
Նշվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ: