24.11.2024
Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ում Ավստրիայի հետ գործակցության վրա
prev Նախորդ նորություն

FT․ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դիվանագիտությունից ռազմական հզորության է անցնում

Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դիվանագիտությունից տանում է դեպի ռազմական հզորություն ու հաղթանակ իսլամական ահաբեկչության նկատմամբ։ Այս մասին նշվում է Financial Times-ի հոդվածում, որը նվիրված է օտարերկրյա պետություններին ամերիկյան օգնության կրճատման՝ վարչակազմի որոշմանը։

Հոդվածագիր Քաթրինա Մենսոնի խոսքով՝ բյուջեն կրճատելու որոշումը կհանդիպի կոշտ դիմադրության ԱՄՆ կոնգրեսում։ Բյուջեի դեմ արդեն արտահայտվել են դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ու հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը։

Բյուջեում ամրագրված է սոցիալական ծրագրերի ու զարգացման ծրագրերի ֆինանսավորման կրճատումը, որը տարածվելու է այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի դեմ պայքարի ծրագրերի վրա։ «Դա թույլ կտա ծախսերը ուղղել դեպի ահաբեկչության դեմ պայքար ու 3․1 մլրդ օգնություն ներառել Իսրայելի համար, որը Մերձավոր արեւելքում ԱՄՆ առաջատար դաշնակիցն է»,- նշում է հեղինակը։

Եւս մեկ հանրապետական կոնգրեսական Բոբ Կորկերը, որը նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է, համաձայն է, որ ծրագրի ուղղվածությունը պետք է փոխել։ «Սակայն ես նաեւ ընդունում եմ դիվանագիտության ու օտարերկրյա օգնության կարիքների ֆինանսավորման կարեւորությունը»,- ասում է նա։
Նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ Քրիս Մերֆին էլ հայտնել է, որ վարչակազմի որոշումը ոչ այլ ինչ է, քան միտումնավոր հարձակում Պետդեպարտամենտի վրա։

«Նախագահը չի հավատում Պետդեպարտամենտին, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականները չեն հավատում Պետդեպին, նրա բյուջետային վարչությունը ու պետական դեպարտամենտի ղեկավարը նույնպես չեն հավատում Պետդեպին։ Դուք ականատես եք, թե ինչպես է արտաքին քաղաքականությունը Պետդեպարտամենտից անցնում դեպի ՊՆ ու զինվորականներ»,- հայտնել է նա։

Վերլուծաբան Ռուբեն Բրիգետին նույնպես կարծում է, որ բյուջեի նման կրճատումը կստիպի ԱՄՆ-ին զիջել իր շահերը Ասիայում, որտեղ ծրագրված է բյուջեի կրճատում 35 տոկոսի մակարդակի վրա։ «Մենք փաստացի մայրցամաքը կփաթեթավորենք ու կհանձնենք Չինաստանին»,- ասել է նա անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում։

«Այսպիսով, վարչակազմի առաջարկը ամենայն հավանականությամբ կբախվի կոշտ դիմակայության Կոնգրեսում ու հատկապես Սենատում, որտեղ նախագծի ընդունման համար պետք են դեմոկրատների ձայները, նաեւ Պենտագոնում, որտեղ դիվանագիտությունը դիտարկվում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ»,- ամփոփում է հեղինակը։