24.11.2024
ՀՀ ԶՈՒ խումբը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2017»  համատեղ զորավարժությանը
prev Նախորդ նորություն

Մոգերինի. Ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի

Եվրամիությունը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն կայուն չէ և հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին հաջորդած ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:  


«Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին», - ասել է Մոգերինին:


ԵՄ ներկայացուցիչն ընգծել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում:


Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նրա խոսքով, ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:


Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: