ԿՀՎ-ի նախկին ղեկավար. Թրամփը Մոսկվայի համար «օգտակար ապուշի» դեր է կատարում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն, գեներալ Մայքլ Հեյդենը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայի համար «օգտակար ապուշի» դեր է կատարում, հայտնում է Bild am Sonntag-ը:
«Սա սառը պատերազմի ժամանակների տերմինն է եւ նկարագրում է պարզամիտ մարդուն, որը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո եւ կարող է օգտագործվել հօգուտ Ռուսաստանի»,- Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում ասել է Հեյդենը:
Նրա խոսքով՝ նոյեմբերին, ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ ինքը փորձել է հասկանալ Վլադիմիր Պուտինի հանդեպ Դոնալդ Թրամփի տարօրինակ համակրանքը: Հեյդենը կարծում է, որ Թրամփը Կրեմլի համար այն մարդն է, ում նրանք «օգտակար հիմար» կամ «օգտակար ապուշ» են անվանում:
Նրա խոսքով՝ «այսօր, վեց ամիս անց ստիպված է հիասթափությամբ արձանագրել, որ «օգտակար ապուշ» տերմինը դեռեւս բավականին ճշգրիտ նկարագիր է համարվում»:
«Թրամփի վարչակազմն արդեն 120 օր իշխանության է, եւ այս ընթացքում հեռացվել են ազգային անվտանգության ղեկավարը, գլխավոր դատախազը եւ ՀԴԲ-ի տնօրենը», - հիշեցրել է գեներալը: