23.11.2024
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ-ին մարդու իրավունքների պաշտպանություն պետք չէ՞. ԱԺ-ն այլևս հանձնաժողով չի ունենա

Ինչպես և ակնկալվում էր՝ Ազգային ժողովը կրճատեց մշտական հանձնաժողովների թիվը: Հանրապետական խմբակցության առաջարկով գործող հանձնաժողովների թիվը 12-ից դարձավ 9-ը, ընդ որում խորհրդարանում այլևս չի գործի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:


Առաջարկին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 9, ևս 4 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:


«Ելք» խմբակցությունը պնդեց, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը կարևոր է և անգամ քվեարկության դրեց առաջարկը, որպեսզի հանձնաժողովների թիվը դառնա 10-ը, սակայն առաջարկին կողմ քվեարկեց ընդամենը 30 պատգամավոր: 


Խմբակցության անդամ Արամ Սարգսյանի խոսքով՝  եթե տվյալ հանձնաժողովը տրվեր «Ելք»-ին, ապա երկիրը այդ ոլորտում լուրջ առաջընթաց կարձանագրեր: 


«Անկախ նրանից՝ մենք կլինենք ԱԺ-ում, թե ոչ՝ մենք պայքարելու ենք մարդու իրավունքների համար. այստեղ երկու տեսակետ լինել չի կարող: Բայց Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի ասած՝ դոմփելով գնում եք, հետո՞, ի՞նչ եք ստանալու էդ դոմփելուց, ի՞նչ եք տալու երկրին, ինչ-որ բա՞ն եք փոխելու»,- հայտարարեց նա: 


Ավելի վաղ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մաուրքյանը կարծիք էր հայտնել, որ նման փոփոխություններ կատարվում են, որպեսզի իրենց որևէ մշտական հանձնաժողովի նախագահություն չտրվի և դաշինքը որևէ լծակ գոնե հանձնաժողովների մակարդակով չունենա, այդ հանձնաժողովը չօգտագործի իր ծրագրերի կամ Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիաների իրականացման կոնտեքստում:


«Իմ համար տարօրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը փորձում են միավորել պետաիրավական հանձնաժողովի հետ: Այդ հանձնաժողովը փորձում են միավորել Ազգային ժողովի ամենագերծանրաբեռնված հանձնաժողովին՝ Պետաիրավականին, որի անդամն եմ ես հիմա և գիտեմ, որ այդ հանձնաժողովը իր ունեցած օրենսդրական փաթեթները չի հասցնում քննարկել, ինչ մնաց դրան գումարվի մարդու իրավունքների բնագավառի հետ կապված օրենսդրությունն ու նախագծերը»,- ասել էր Էդմոն Մարուքյանը:


Ինչ վերաբերում է արդեն իսկ 9 մշտական հանձնաժողովներին, ապա խմբակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին հանձնաժողովների նախագահների պաշտոնում: Նրանք են՝


Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը,: Վերջինս, հիշեցնենք, 2009 թվականից այդ հանձնաժողովը նախագահում է:


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկեց Արմեն Աշոտյանին:


Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում էլ այդ հանձնաժողովի նախագահն էր:


Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը առաջարկեց Վարդան Բոստանջյանի թեկնածությունը:


Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Խոսրով Հարությունյանի թեկնածությունը:


 Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքն առաջադրեց Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը:


Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից կրկին առաջարկվեց Գագիկ Մինասյանի թեկնածությունը: