Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին: