ՀՀ-ը և Արցախը հաստատում են Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ պատժիչ գործողությունները
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, կոլաժ՝ VERELQ
Հայկական կողմն իրականացրել է պատասխան գործողություններ: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով դրբեջանական զինուժի դեմ հայկական ուժերի կողմից մարտական ԱԹՍ-ների կիրառման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը:
Հասրաթյանը չի մանրամասնել, թե ինչ զինատեսակներ են կիրառվել հայկական կողմի պատասխան գործողությունների ընթացքում։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է, թե գիշերվա մարտերի ընթացքում հայկական ուժերը կիրառել են «մարտական» ԱԹՍ-ներ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը մշտապես աշխատանք է տանում տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ։
«Հայկական ռազմագիտական միտքը երբեք էլ տեղում կանգնած չի եղել, միշտ էլ եղել են նորարարություններ, և մենք միշտ էլ աշխատել ենք նորարարությունների ուղղություններով՝ լինի դա անօդաչու թռչող սարք, թե հակապայքարի այլ միջոց։ Միշտ չէ, որ մենք ամեն ինչի մասին պետք է բարձրաձայնենք», — Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Մշակվող անօդաչու թռչող սարքերի տեսակների վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ հայկական կողմն աշխատում է և՛ մարտական, և՛ ոչ մարտական ԱԹՍ-ների, ինչպես նաև «ցանկացած այլ պաշտպանական միջոցների» մշակման ուղղությամբ։
Պաշտպանության բանակի կայքի մայիսի 17-ի առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):