Freedom House. Ալիեւի՝ խոսքի ազատության մասին հայտարարությունները իրականություն չեն
Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ը:
«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության եւ նախագահ Իլհամ Ալիեւի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Freedom House-ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիեւի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու եւ այլ ԶԼՄ-ների եւս ճնշելու նախադեպ հանդիսանալ:
Ադրբեջանում դատարանի որոշմամբ արգելափակվել են բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի եւ թերթի կայքերը, Մեյդան ԹիՎի մեդիառեսուրսը, Թուրան ԹիՎի հեռուստաալիքը, «Ադրբեջանի ժամանակ» հաղորդումը: Սաբաիլի շրջանային դատարանը բավարարվել է Ադրբեջանի կապի նախարարության հայցը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արձագանքելով Freedom House-ի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատությունների տխուր իրավիճակի մասին հերթական զեկույցին, մեղադրել էր ամերիկյան իրավապաշտպան կառույցին հայամետ դիրքորոշում պաշտպանելու մեջ՝ հավելելով, որ Բաքուն այդ կազմակերպության զեկույցներին որեւէ ուշադրություն չի դարձնի: