Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ինչպես հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանը ունի յուրահատուկ հարաբերություններ` հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ:
Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի Նախագահի Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նրանք խորհրդանշական են համարել, որ այցելությունը տեղի է ունենում Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, որը, կողմերի համոզմամբ, պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար:
Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:
Գոհունակությամբ արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարը:
Հանրապետության Նախագահը և Կատարի Էմիրը փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:
Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես` Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:
Հանրապետության Նախագահի առաջարկով Կատարի Էմիրը հանձնարարել է Կատարի էկոնոմիկայի նախարարին, ով միաժամանակ Կատարի ներդրումային կազմակերպության նախագահի տեղակալն է, առանձին հանդիպում ունենալ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը: Այցի շրջանակներում նման քննարկումներ իրականացնելու հանձնարարություն ՀՀ Նախագահից և Կատարի Էմիրից ստացել են նաև երկու երկրների ավիացիայի բնագավառի պատասխանատուները:
Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը և Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Կատարի Էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի:
Հանդիպումից հետո ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից տրվել է պաշտոնական ճաշ: