ՌԴ-ում ցանկանում են լիկվիդացնել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը. Բաքուն անհանգիստ է
Ռուսաստանի բարձարգույն դատարանը մայիսի 15-ին ՌԴ արդարադատության նախարարության խնդրանքով քննելու է Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցման չեղարկման մասին հայցը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Այս տեղեկատվությունը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Բաքվում նշում են, որ այս քայլը ստվեր է գցում Ադրբեջանի և Ռուսաստանի դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության վրա:
Ռուսաստանի Արդարադատության նախարարության հայցում նշվում է, որ ստուգումների ժամանակ կազմակերպությունում ի հայտ են եկել օրենսդրության պահանջների մի շաք խախտումներ: Միեւնույն ժամանակ գերատեսչությունը բազմիցս խնդրել է կազմակերպությանը ուղղել թույլ տրված խախտումները, ինչն արհամարվել է: ՌԴ Արդարադատության նախարարությա ն ներկայացուցիչն ասում է, որ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի աշխատանքում թույլ տրված խախտումների համար հատկացված ժամկետն ավարտվել է դեռ 2016 թ-ի հոկտեմբերի 17-ին:
Ադրբեջանում, չխորանալով գործի էության մեջ, փորձում են այս հարցում եւս «հայկական հետք» գտնել: Ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը Trend գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այս քայլը ստվեր է գցում Ադրբեջանի և Ռուսաստանի դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության վրա: «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցման չեղարկման հարցով Ռուսաստանի արդարադատության նախարարության հայցն առաջացրել է Ադրբեջանի հասարակության անհանգստությունը»,- ասել է նա։
Նասիրովը կատարվածի համար մեղադրել է «հայամետ ուժերին, որոնք ցանկանում են վնասել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին»։ Պատգամավորը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կմիջամտի այդ հարցում: