30.09.2026
Դատախազությունը պահանջում է Աշոտ Արզումանյանից բռնագանձել 16 անշարժ գույք
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին

 


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, առցանց ձևաչափով, մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին:


Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Ժամանակակից մարտահրավերներն ու նոր լուծումները արտերկրից ապօրինի գույքի վերադարձի ոլորտում» թեմայով ելույթով։


Աննա Վարդապետյանը նշել է, որ ժամանակակից հանցավորության անդրսահմանային բնույթը նոր մարտահրավերներ է ստեղծում պետությունների համար․ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները (գույքերը) կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անունով և վերափոխվել գույքի այլ տեսակների։


«Այս պայմաններում ակտիվների վերադարձը պետք է դիտարկել որպես համալիր գործընթաց՝ դրանց հայտնաբերումից և հետագծումից մինչև սառեցում կամ առգրավում, դատական քննություն, բռնագանձում, կառավարում և փաստացի վերադարձ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար նշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի անհնարինություն։ Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման (non-conviction based asset forfeiture) մեխանիզմին։


Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է իրավական հիմք՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի նկատմամբ ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմ կիրառելու համար։


Այս համատեքստում կարևորելով միջազգային իրավական փոխօգնության արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը պետք է սկսվի դեռևս ակտիվի հայտնաբերման և հետագծման փուլում՝ հնարավոր դարձնելով դրա օպերատիվ սառեցումը, առգրավումը և պահպանությունը մինչև ազգային դատական գործընթացի ավարտը։


Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վարշավայի կոնվենցիայի և 2026 թվականին ընդունված դրա լրացուցիչ արձանագրության նշանակությանը՝ ընդգծելով, որ արձանագրության մշակմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։


ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ընթացքում առաջացող խնդիրները՝ կապված տարբեր պետությունների իրավական համակարգերի միջև առկա տարբերությունների, քաղաքացիաիրավական բռնագանձման համանման մեխանիզմների բացակայության, ինչպես նաև ոչ պաշտոնական եղանակով ստացված տեղեկատվության հետագա՝ որպես ապացույց օգտագործման սահմանափակումների հետ։


Աննա Վարդապետյանն այս ուղղությամբ կարևորել է միջազգային համագործակցության հետագա զարգացումը՝ առանձնացնելով ակտիվների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակումը, գույքի օպերատիվ սառեցման և առգրավման մեխանիզմների կատարելագործումը, միջազգային իրավական փոխօգնության հնարավորության ապահովումը՝ մինչև վերջնական դատական որոշման կայացումը, դատական ակտերի փոխադարձ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը։


Ամփոփելով՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ ակտիվների վերադարձն այսօր այլևս միայն քրեական գործընթացի ավարտից հետո գույքի բռնագանձման հարց չէ։


«Սա համալիր գործընթաց է, որը սկսվում է ակտիվի հայտնաբերումից, դրա գտնվելու վայրի տեղորոշումից, հետագծումից և ավարտվում ակտիվի փաստացի վերադարձով։ Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որպեսզի ակտիվի հայտնաբերման և դրա փաստացի վերադարձի միջև իրավական վակուում չառաջանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը։

ՀՀ-ում սահմանվել է էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան