Բեգլարյանը մատնանշել է արցախցիների կարգավիճակի և սոցիալական աջակցության խնդիրները
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով աշխատանքային քննարկում։
Քննարկման ընթացքում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն առանձնացրել է բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և իրավունքների պաշտպանության հինգ առանցքային խնդիր։ Բեգլարյանի գնահատմամբ՝ առաջնայինը արցախցիների կարգավիճակի հարցն է։ Նրա խոսքով՝ գործող կարգավորումները, որոնց հետևանքով արցախցիները զրկվել են ՀՀ քաղաքացիությունից և ստացել սովորական փախստականի կարգավիճակ, համարժեք չեն ստեղծված իրավիճակին։
«Արցախի ժողովուրդը, հաշվի առնելով, որ ցեղասպանության և էթնիկ զտման զոհ է դարձել, պետք է ունենա հենց նմանատիպ կարգավիճակ, ինչը կդառնար սոցիալական ու իրավական մի շարք հարցերի հիմքը, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար», — ընդգծել է նա։
Բեգլարյանի համոզմամբ՝ ճիշտ լուծումը կլիներ արցախցիների ՀՀ քաղաքացիությունը պահպանելն ու նրանց համար օրենսդրորեն հատուկ պաշտպանություն սահմանելը։ Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերի կրճատումից հետո բռնի տեղահանվածների վիճակը կտրուկ վատթարացել է։
Նա նաև քննադատել է կառավարության բնակարանային ապահովման ռազմավարությունը։