Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախկին իրավապահներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, որոնք տարիներ շարունակ աչքաթող են արել բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան։ Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է նախկին էլիտայի ներկայացուցիչներից ապօրինի գույքի բռնագանձման կուրսի անշեղությունը։
Օգոստոսի 27-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետը նախազգուշացրել է, որ նախկին դատախազները, քննիչները և օպերատիվ աշխատողները ստիպված են լինելու բացատրություն տալ պետությանն ու ժողովրդին իրենց անգործության համար: Նրա խոսքով՝ նրանք տեղյակ են եղել բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի գույքի և կոռուպցիոն փաստերի մասին, սակայն համապատասխան ընթացք չեն տվել գործերին:
«Կարո՞ղ է փող եք առել, թե՞ ձեզ թվում է ձեր հետևից եկող չի լինելու, պիտի պատասխան տաք: Մի հատ խեղճ ու կրակների երկու հատ հավ գողանալու համար մինչև վերջին խազը սնանկացրել եք, սովի եք մատնել, իսկ ասենք ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ», - հայտարարել է կառավարության ղեկավարը։ Նա հավելել է, որ այն պաշտոնյաները, որոնց վարույթում եղել են նման գործերը և ընթացք չեն ստացել, պետք է բացատրություն տան ժողովրդին, իսկ նրանց բոլորի ունեցվածքն ու բանկային հաշիվները պետք է մանրակրկիտ ստուգվեն։
Ներկայացնելով իր քաղաքական նպատակը՝ վարչապետը շեշտել է, որ այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պետք է ապրեն բացառապես սեփական օրինական եկամուտներով և թոշակներով։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ողջ ակտիվները, ըստ Փաշինյանի, վերադարձվելու են պետությանը։ «Ինչ-որ ապօրինի ձեռք են բերել հատիկ-առ-հատիկ, լումա-առ-լումա, կոպեկ-առ կոպեկ, սենտ-առ սենտ, եվրո-սենտ, քյաբաբ-առ-քյաբաբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա», - ընդգծել է նա։
Վարչապետի այս կոշտ հայտարարությունները հնչում են ընդդիմադիր հայտնի գործիչների նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործերի ֆոնին։ Դեռևս մայիսյան քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել քաղաքական գործչի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել էր։
Իրադարձությունները շարունակել են զարգանալ օգոստոսի 24-ին, երբ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը կասկածի տակ դրեց Քոչարյանների ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը՝ հայտարարելով, որ այն պետք է վերադարձվի պետությանը: Արդեն հաջորդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տեղափոխվել են Հակակոռուպցիոն կոմիտե և կալանավորվել։