Նախկին ղեկավարները կապրեն թոշակով, նրանց գույքը կբռնագանձվի. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրի նախկին ղեկավարների ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու անզիջում մտադրության մասին։ Նա նաև խստորեն նախազգուշացրել է նախկին իրավապահներին, որոնք տարիներ շարունակ կոծկել են էլիտայի կոռուպցիոն սխեմաները:
Օգոստոսի 27-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր քաղաքական նպատակն է ամբողջությամբ բռնագանձել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ապօրինի ակտիվները։ Վարչապետը նշել է, որ այս գործիչները պետք է ամսի 1-ին ստուգեն՝ արդյոք իրենց պետական թոշակը փոխանցվել է, քանի որ ապագայում նրանք ստիպված են լինելու ապրել բացառապես իրենց օրինական եկամուտներով։
«Ինչ-որ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա», - հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը խիստ քննադատության է ենթարկել նախկին իրավապահ համակարգը։ Նա հարց է բարձրացրել, թե ինչու են քննիչներն ու դատախազները երկար տարիներ անտեսել Քոչարյանի ընտանիքին պատկանող խոշոր բաժնեմասերը այնպիսի շահութաբեր ծրագրերում, ինչպիսիք են «Տոյոտա Երևան»-ը, Orange հեռահաղորդակցման ընկերությունը, Play City-ն և մայրաքաղաքի կենտրոնում գտնվող էլիտար անշարժ գույքը: Կառավարության ղեկավարը չի բացառել, որ ուժայիններն իրենց լռության դիմաց կաշառք են վերցրել, և խոստացել է նրանց պատասխանատվության ենթարկել անգործության համար:
Անդրադառնալով ընդդիմադիրների մոտ վերջերս կատարված խուզարկություններին՝ Փաշինյանը երկրորդ նախագահի ընտանիքին մեղադրել է քաղաքական շոու կազմակերպելու մեջ:
Քննիչների ժամանման պահին նախապես պատրաստված պաստառների առկայությունը, ըստ վարչապետի, ուղղակիորեն վկայում է գործողությունից առաջ իրավապահ մարմիններից ինֆորմացիայի արտահոսքի մասին։ Նա նաև դատապարտել է անչափահասների մասնակցությամբ մանիպուլյացիաները՝ նշելով, որ երեխաներին հարազատների տուն ուղարկելու փոխարեն, նրանց միտումնավոր թողել են տանը՝ հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով։