Փաշինյանն ազդարարում է «Չորրորդ հանրապետության» մեկնարկը՝ խաղաղության օրակարգով
Լուսանկարը` sputnik
Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր փուլ, որի հիմքում ընկած են «Իրական Հայաստանի» հայեցակարգն ու տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունը։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ հանրապետության գաղափարախոսությունից հրաժարվելու և պետության ֆունկցիոնալ նոր նշանակության մասին։
Հուլիսի 20-ի կառավարության նիստում ներկայացնելով 2026-2031 թվականների նոր ծրագրի նախագիծը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ հունիսյան խորհրդարանական ընտրություններն արմատական շրջադարձ էին պետության համար։ «Ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն»,- հայտարարել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ երկիրն անցում է կատարում զարգացման բոլորովին նոր հանգրվան: «Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն»,- ընդգծել է Փաշինյանը։ Նա մանրամասնել է, որ նախորդ և նոր հանրապետությունների առանցքային տարբերությունը պետության գործնական առաքելության և գաղափարական հենքի մեջ է։
Ըստ կառավարության ղեկավարի՝ Երրորդ հանրապետությունը հիմնադրվել էր պատմական արդարության վերականգնման և կոնֆլիկտի տրամաբանությամբ, որից էլ ծագել էր ղարաբաղյան շարժումը, մինչդեռ «Չորրորդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»։
Խոսելով քաղաքական հայացքների էվոլյուցիայի մասին՝ վարչապետն անկեղծացել է, որ նախկինում իշխող ուժը ևս առաջնորդվել է հին գաղափարաբանությամբ՝ 2021 թվականի նախընտրական ծրագրում ներառելով նույնիսկ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի դրույթները։ Սակայն, ինչպես նշել է Փաշինյանը, ընտրարշավի ընթացքում «հանրությունն ինքն է պարտադրել վերանայել այդ հայեցակարգը»: Որպես արտահերթ ընտրությունների արդյունքներով ստանձնած գլխավոր հանձնառություն՝ նա մատնանշել է նոր իրողությունը. «Ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է»։