Վերջին օրերի հայաստանյան կյանքում տեղի են ունեցել երեք կարևոր իրադարձություն, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես միմյանցից անկախ դիվանագիտական զարգացումներ, այլ որպես նույն քաղաքական գծի փոխկապակցված բաղադրիչներ։
Առաջինը՝ հայ–հնդկական պաշտպանական համագործակցության նոր մակարդակն է։ Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտությունների, նորարարության և համատեղ արտադրության հուշագիր, իսկ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ։ Այսինքն՝ խոսքն այլևս միայն սպառազինություն գնելու մասին չէ։ Ստեղծվում են ռազմարդյունաբերական և ռազմական կառավարման երկարաժամկետ ինստիտուցիոնալ կապեր։
Երկրորդը՝ Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության գործունեության պետական համակարգումն է։ Առաքելությունը զբաղվելու է կիբեռսպառնալիքներով, տեղեկատվական միջամտությամբ, ապօրինի ֆինանսական հոսքերով և այլ «հիբրիդային վտանգներով»։ Վարչապետի աշխատակազմն արդեն համակարգում է Հայաստանի պետական մարմինների ներգրավումն այդ առաքելության աշխատանքներում։ Փաստորեն, ԵՄ-ն ստանում է խորհրդատվական և կարողությունների ձևավորման դեր Հայաստանի անվտանգության համակարգի ներսում։
Երրորդը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության ընդունելությունն է նոր խորհրդարանի կողմից՝ որպես 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին օտարերկրյա խորհրդարանական պատվիրակություն։ Սա ևս պատահական արարողակարգ չէ։ Նոր խորհրդարանի արտաքին կապերի մեկնարկը ցուցադրաբար կապվում է Վաշինգտոնի հետ։
Առանձին վերցրած՝ Հնդկաստանի, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը բնական և նույնիսկ անհրաժեշտ կարող էր լինել։ Սակայն երբ այս քայլերը համադրվում են ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի հետևողական թուլացման և ռուսական անվտանգության համակարգից հեռանալու ընդհանուր քաղաքականության հետ, պատկերը դառնում է ակնհայտ։ Իշխանությունը ոչ միայն դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները, այլև ինստիտուցիոնալացնում է Ռուսաստանի ազդեցության դուրսմղումը Հայաստանի պաշտպանական, անվտանգային և քաղաքական համակարգերից։
Այսպիսով, հակառուսաստանյան դեմարշը դադարում է լինել առանձին հայտարարությունների կամ Նիկոլ Փաշինյանի հերթական հռետորական հարձակման մակարդակում։ Այն վեր է ածվում պետական կառույցներով ամրագրվող քաղաքականության՝ ՊՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի, վարչապետի աշխատակազմի և Ազգային ժողովի ներգրավմամբ։
Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը չէ։ Ամենավտանգավորն այն է, որ այս շրջադարձն իրականացվում է առանց հանրային բաց քննարկման, առանց անվտանգության նոր համակարգի արդյունավետության ապացույցների և առանց անցումային ռիսկերի հստակ գնահատման։
Ռուսաստանի հետ գործող համակարգերը կազմաքանդվում են ավելի արագ, քան ստեղծվում են դրանց գործունակ այլընտրանքները։ ԵՄ խորհրդատվական առաքելությունը ռազմական դաշինք չէ, ամերիկյան պատվիրակությունը՝ անվտանգության երաշխիք, իսկ Հնդկաստանի հետ հուշագիրը դեռևս պաշտպանական իրական կարողություն չէ։ Այս երեք ուղղությունները կարող են լրացնել Հայաստանի անվտանգային համակարգը, բայց առայժմ չեն կարող փոխարինել կորցվող մեխանիզմներին։
Հենց այստեղ է իշխանությունների արկածախնդրությունը։ Նրանք աշխարհաքաղաքական ուղղություն են փոխում՝ հասարակությանը չներկայացնելով ո՛չ այդ շրջադարձի ամբողջական ռազմավարությունը, ո՛չ գինը, ո՛չ հնարավոր հակազդեցությունները։ Հայաստանը դարձվում է մեծ ուժերի մրցակցության տարածք՝ այն դեպքում, երբ երկիրը սահմանափակ ռեսուրսներ, խոցելի տնտեսություն և չկարգավորված անվտանգային խնդիրներ ունի։
Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը կարող էր Հայաստանին լրացուցիչ հնարավորություններ տալ։ Սակայն առանց հավասարակշռության, հաշվարկի և հանրային մանդատի այն վերածվում է ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղադրույքի։
Այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե վերանայում է, այլ քայլ առ քայլ ապամոնտաժում՝ դեռևս չունենալով վստահելի պատասխան այն հիմնական հարցին, թե ո՞վ և ին՞չ մեխանիզմով է լրացնելու առաջացող անվտանգային, տնտեսական ու քաղաքական դատարկությունը։
Սա արդեն պարզապես դիվանագիտական վերադասավորում չէ, այլ՝ հակառուսաստանյան դեմարշի ինստիտուցիոնալացում՝ Հայաստանի անվտանգության հաշվին կատարվող արկածախնդիր փորձարկմամբ։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան