Արամ Վարդևանյանը խորհրդարանում սուր քննադատել է իշխանություններին ու ԿԸՀ-ին
Լուսանկարը` parliament.am
Ազգային ժողովի օգոստոսի 17-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ սուր քննադատության ենթարկելով իշխանություններին, դատաիրավական համակարգը և վերջին ընտրությունների արդյունքները։
Ելույթի սկզբում ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է իր գործընկեր Դավիթ Ղազինյանի կալանավորմանը, որը, ըստ նրա, հիմնված է զուտ ենթադրությունների վրա։ Ընդգծելով, որ Ղազինյանը տեղյակ լինելով գործընթացին՝ չի փախել երկրից, նա նշել է. «Մարդը իմանում է գործի մասին, բոլոր հանգամանքներից տեղեկացված է, բայց միևնույնն է՝ կալանավորվում է, այսինքն՝ ոչ պատշաճ վարքագծի ռիսկ են տեսնում: Սա է Հայաստանում դատաիրավական համակարգի տարբեր երանգներից մեկը»։
Վարդևանյանը նաև անընդունելի է համարել իշխանության ներկայացուցիչների կողմից խորհրդարանում հնչող վիրավորական ձևակերպումները՝ հիշեցնելով վերջին տարիների կորուստները. «Թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսի վերջին ութ տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ: Մենք այս վերջին ութ տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը տեսել ենք, հազարավոր զոհեր ենք տեսել»:
Այս համատեքստում նա հորդորել է խստիվ զերծ մնալ նման բառապաշարից՝ հիշեցնելով տարիներ առաջ դիահերձարաններում հատակին նետված զոհված զինծառայողների մասունքների ու դիերի աղմկահարույց դրվագը. «Դուք գիտակցո՞ւմ եք, որ մարդիկ կարող են հիշել մեր զոհված հերոսների դիակները, սառնարանում գետնին գցված մասունքները․ եկեք այդ բառակապակցությունն այս նիստերի դահլիճից հեռու պահեք»։
Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի մասին՝ փոխխոսնակը պաշտպանել է նրան հնչող մեղադրանքներից՝ շեշտելով վերջինիս ներդրումը. «Սամվել Կարապետյանի կենսագրությունը նրա մասին է, թե ոնց կարող է մարդը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս դառնա միլիարդատեր և այդ գումարը օգտագործի ի բարօրություն Հայաստանի»։
Ելույթի վերջում քաղաքական գործիչը ֆուտբոլային այլաբանությամբ անդրադարձել է 2026 թվականի ընտրություններին և ԿԸՀ աշխատանքին՝ իշխանություններին մեղադրելով ընտրախախտումների մեջ. «Դուք այնքան եք խոսել ընտրախախտումների մասին, որ մի հատ համեմատեք 26 թվականի ընտրությունները և 18-ին ձեր կազմակերպածը: Տպավորությունն այնպիսին է, որ այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ, ու դուք գնալով ստանձնեցիք ընտրախախտումների ակնհայտ իրացման պատասխանատվություն»։