13.08.2026
Զինծառայողի դի է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Կադրային փոփոխություններ բանակում. Փաշինյանը հայտարարել է պաշտոնանկությունների մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերի ֆոնին սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ի կառավարության նիստից հետո ճապազորույցում հայտարարել է Ռազմական ոստիկանության և Բարոյահոգեբանական ապահովման վարչության ղեկավար կազմի առաջիկա պաշտոնանկությունների մասին՝ ընդգծելով անհատական պատասխանատվության անհրաժեշտությունը։


Օգոստոսի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ևս մեկ ողբերգական միջադեպի մասին. հայտնաբերվել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս դեպքը դարձավ 2026 թվականի սկզբից ի վեր բանակում խաղաղ պայմաններում գրանցված արդեն ութերորդ մահը։


Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առավոտյան խնդիրը քննարկվել է պաշտպանության նախարարի հետ, և արդեն իսկ կայացվել են կոնկրետ որոշումներ։ Ըստ վարչապետի՝ կադրային լուծումներ կլինեն այն մարմիններում, որոնք անմիջականորեն պատասխանատու են բանակում կարգապահության և անձնակազմի վիճակի համար, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։


Վարչապետն ընդգծեց, որ յուրաքանչյուր նման դեպք պետք է ենթադրի հստակ անհատական պատասխանատվություն։ Նա հավելեց նաև, որ Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերը բավարար չեն։ Կառավարությունը նախատեսում է մանրամասն վերլուծել ստեղծված իրավիճակը և հասկանալ, թե ինչու մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները ցանկալի արդյունք չեն տալիս և չեն կանխում ողբերգական դեպքերը։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող ինքնասպանությունների 85-90%-ը պայմանավորված է երեք հիմնական կենցաղային և անձնական իրավիճակներով: Փաշինյանի նշած պատճառների մեկը խաղադրույքներ և պարտքերն են:


Զինծառայողների կողմից առցանց խաղադրույքներ կատարելը, դրանց հետևանքով առաջացած ֆինանսական մեծ պարտքերը և դրանք մարելու անկարողությունը: Մյուս պատճառն ընտանեկան և անձնական խնդիրներ են: Զինվորների անհատական, ընտանիքում կամ հարազատների հետ ունեցած սուր հարաբերությունները և հոգեբանական ծանրաբեռնվածությունը:


Երրորդ պատճառն անձնական հարաբերություններ են: Ծառայակիցների կամ հրամանատարների հետ ոչ կանոնադրային կամ լարված հարաբերությունները, որոնք բերում են հոգեբանական ճնշման:

Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Հաջորդ նորություն next