Կառավարությունը 5,3 մլրդ դրամ կտա արտահանողներին. շեշտը դիվերսիֆիկացիան է
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը հուլիսին արտահանում իրականացրած ընկերություններին աջակցելու համար կհատկացնի ավելի քան 5,3 մլրդ դրամ։ Օգոստոսի 13-ի նիստում գործադիրը հատուկ ուշադրություն է դարձրել արտաքին առևտրի դիվերսիֆիկացիային և բիզնեսի ադապտացմանը՝ մենաշնորհային շուկաներից կախվածությունը համարելով ազգային անվտանգության սպառնալիք։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը նշել է, որ պետական աջակցության այս փաթեթը նպատակ ունի արագ արձագանքել մատակարարման շղթաներում առկա տնտեսական ցնցումներին` պայմանավորված Հայաստանի դեմ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներով, և օգնել բիզնեսին։ «Նախագծով նախատեսվում է 2026 թվականի հուլիս ամսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ», - հայտարարել է նա։
Խոջոյանի խոսքով՝ ձեռնարկված քայլերն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս իրացման շուկաների ընդլայնման հարցում։ «Ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում. վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր և բանջարեղեն՝ 14 երկիր», - ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ յուրաքանչյուր նոր շուկա տնտեսավարողներից պահանջում է հետևողական աշխատանք ապրանքների դիրքավորման և առևտրային ցանցերի պահանջներին համապատասխանելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պահանջել է, որ պետական ծրագրերը ոչ միայն թվային, այլև իրական որակական ազդեցություն ունենան տնտեսության վրա։ Նա հատկապես կարևորել է բիզնեսի ու պետության ճկունությունը գլոբալ փոփոխությունների ֆոնին: «Ադապտացիան պետք է դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական, որակական փոփոխությունների։ Եթե չկա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենադրական փոփոխությունները ունենում են բացասական ազդեցություն, իսկ եթե կա՝ նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրներին», - շեշտել է կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով արտաքին առևտրի դիվերսիֆիկացիային՝ վարչապետը հայտարարել է, որ դա պետական անվտանգության հրամայական է, իսկ առկա տնտեսական իրադրությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ճգնաժամ, այլ հնարավորություն։ «Անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։ Եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է, դա ազգային և պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի», - եզրափակել է Փաշինյանը։